Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է մի քանի հրատապ հարցերի


Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է մի քանի հրատապ հարցերի
Հունվար 23 14:15 2020

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում անդրադարձել է մի քանի հրատապ հարցերի:  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունը.

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Մինչ կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելը ուզում եմ անդրադառնալ մի քանի հրատապ խնդիրների:

 

Առաջինը՝ երեկ ես Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ խոսեցի սպանդանոցների հետ կապված իրավիճակի մասին: Ես ուզում եմ նաև այսօր հստակեցնել այդ խոսակցությունը, որովհետև ինչքան հասկանում եմ, առնվազն մեր առաջարկին արձագանքը բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից, բայց ես ուզում եմ հստակեցնել, թե ինչ ենք պայմանավորվում.

 

  1. Նախ այս պայմանն արձանագրում է հետևյալը, որ մինչև փետրվարի 6-ի նիստը մենք կրկին նայում ենք, ուսումնասիրում ենք սուբսիդավորվող վարկերի մեր ծրագրերը՝ կապված գյուղատնտեսության, այսինքն՝ այն ծրագրերը, որոնք այսօր էլ կարող են ֆինանսավորել արտոնյալ կարգով սպանդանոցներին և գումարած դրան լիզինգային ծրագրերը, որի մեջ ենթադրում եմ, պիտի տեղ լինի, եթե չկա, բացենք՝ նաև շարժական սպանդանոցների համար, որպեսզի լիզինգով դա հնարավոր լինի ձեռք բերել քաղաքացիների կողմից:

 

  1. Կազմվում է Հայաստանի Հանրապետությունում բախշվածության և խտության նախընտրելի քարտեզ, և մենք հասցեական ֆինանսավորում ենք, այնպես ենք անում, որ այդ պոտենցիալ սպանդանոցներն ունենան անհրաժեշտ և խելամիտ բաշխվածություն, որպեսզի Հայաստանի Հանրապետության մարզերում լինի սպանդանոցների համաչափ հասանելիություն:

 

  1. Այս ընթացքում ընդունում ենք նաև առաջարկներ, թե ինչպես, ինչ նրբություններով կարող ենք հարստացնել այս փաթեթը, որպեսզի առավել արդյունավետ գործի:

Եվ այս ամենի արդյունքում մենք պայմանավորվում ենք հետևյալը, որ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններով գործում են միայն Երևան քաղաքի սուպերմարկետները և Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտները: Մյուս տեղերում մենք թողնում ենք իրավիճակը այնպիսին, ինչպիսին կա դե ֆակտո այս կարգավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունն անցնելու է այս նոր համակարգին, և որևէ ցույց, բողոքի դրսևորում և այլն չի լինելու՝ անկախ ամեն ինչից: Եթե այս պայմանն այսօր բողոքի գործողություններ իրականացնող մեր սիրելի հայրենակիցների համար ընդունելի է, կամ, համենայն դեպս, նրանք համաձայն են, որ մենք պայմանավորվենք սրա շուրջ, ուրեմն մենք այս որոշումը կկայացնենք մինչև հուլիսի 1-ի հետ կապված, և սա պետք է լինի մեր պայմանավորվածությունը: Եթե պարզվի՝ ընդունելի չէ, ուրեմն մենք այդ վարկային ծրագրերընաև բացելով, իհարկե, բայց պետք է ասենք, որ այսօրվանից է այդ պայմանը գործում: Այսինքն՝ եթե հուլիսի 1-ից հետո էլ սա ընդունելի չի լինելու, ուրեմն այսօրվանից է սա գործում, ընդունելի չէ, այսօրվանից թող ընդունելի չլինի: Եվ հետևաբար, եթե մենք առնվազն էական դրսևորումներ չենք ունենում, ուրեմն պայմանավորվում ենք, որ մինչև հուլիսի 1-ը Երևան քաղաքի սուպերմարկետները, սննդի օբյեկտները գործում են սպանդանոցային տրամաբանությամբ, այսինքն՝ այդ 5-րդ ձևի սերտիֆիկատի պայմաններում, իսկ մյուսները մինչև հուլիսի 1-ը ժամկետ են ստանում, մենք էլ աջակցում ենք, որպեսզի այս հարցը կարգավորվի: Նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին եմ դիմում՝ այս ընթացքում պետք է նաև իրազեկել մարդկանց, թե սպանդանոցներն ինչ պայմաններում են գործում, որովհետև մարդիկ տեղյակ չեն, օրինակ, որ սպանդանոցներն իրենք ունեն պարտավորություն՝ տեղափոխել մորթի ենթակա գլխաքանակը, եթե գլխաքանակի տերը, ֆերմերները այդպիսի ցանկություն ունեն, այսինքն՝ այս պրոցեսը մանրամասն իր բոլոր հնարավորություններով պետք է լուսաբանվի, որպեսզի ամեն ինչ պարզ լինի: Պարոն Գրիգորյան, Դուք համակարգում եք գործընթացը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ այս հարցը կարգավորում եք, և փետրվարի 6-ի նիստում արդեն մենք պետք է սրա հետ ունենանք կոնկրետ առաջարկ: Նիստի օրակարգում պետք է լինի, և զեկուցվող հարցի ռեժիմում այս հարցը պետք է քննարկենք, որպեսզի հուլիսի 1-ի դրությամբ այս թեման ամբողջական փակենք:

 

 

Երկրորդ խնդիրը, որին ես ուզում եմ անդրադառնալ՝ էլի վերջին շրջանում աղմուկ հանած, ծննդատների հետ է կապված: Երեկ Ազգային ժողովում Մարալիկի ծննդատան հետ կապված խնդրին անդրադարձա, և երեկ երեկոյան Հանրային հեռուստատեսությամբ լուրերի թողարկումով ռեպորտաժ եմ դիտում Աչաջրի ծննդատնից: Ի՞նչ է պատմում այդ ռեպորտաժը: Պատմում է, որ Աչաջուր գյուղում հարցազրույց է անում ծննդկանի հետ, որն այնտեղ եկել է Ոսկեպար գյուղից, այսինքն՝ Ոսկեպար գյուղից ծննդկանը եկել է Աչաջուր գյուղում ծննդաբերելու, որն, ըստ չափանիշների, հիմա գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն համապատասխանում հետագա գործունեության համար առկա չափանիշներին: Ես այսօ առավոտյան եկա և ճշգրտեցի, այսինքն՝ հիշողությամբ գիտեի, բայց ինձ ճշգրիտ թվերն էին պետք. ուրեմն, Ոսկեպարը գտնվում է Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հեռավորության վրա, և Նոյեմբերյան քաղաքում կա ծննդատուն, ինչքան ինձ հավաստիացրել են Առողջապահության նախարարությունից՝ շատ լավ վիճակում՝ նորոգված, տեխնիկապես լիարժեք հագեցված: Աչաջուր գյուղը Ոսկեպարից գտնվում է 25.7 կմ հեռավորության վրա, այսինքն՝ Նոյեմբերյան քաղաքը և նրա ծննդատունը ավելի մոտ են Ոսկեպարին, քան Աչաջուրին: Էլ չեմ ասում, որ Աչաջուր գյուղը Ոսկեպարից հեռու է 25.7 կմ, Իջևանից հեռու է՝ 34.3 կմ: Հարց՝ ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ և ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել և չգնալ ավելի մոտ գտնվող ծննդատուն: Սա ինչի՞ համար եմ ասում. սա ասում եմ ցույց տալու համար, թե երբեմն հարցերն ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում: Եվ, իհարկե, երեկ խոսեցինք Մարալիկի հետ կապված, այսինքն՝ եթե Ոսկեպարից կարող է ծննդկան ավելի երկար ճանապարհ կտրել, ընդ որում՝ շնորհիվ այն բանի, որ հիմա Նոյեմբերյան-Իջևան ճանապարհը գտնվում է փայլուն վիճակում, և Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհն էլ է գտնվում փայլուն վիճակում, ի տարբերություն 2018 թվականի: Այսինքն՝ տվյալ դեպքում այս փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ:

 

Հաջորդ փաստը, որին ես ուզում եմ անդրադառնալ և որը վերջին շրջանում բազմաթիվ, ընդհուպ քաղաքական շահարկումների տեղիք է տվել, վերաբերում է «Արմաթ» լաբորատորիաներին: Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել հետևյալը. ուրեմն, «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում սկսվել է 2014 թվականին: 2014-2017 թվականներին «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը ֆինանսավորվել է 188 մլն դրամ, ուշադրություն դարձրեք թվերին՝ 2014-2017 թվականներին ֆինանսավորվել է 188 մլն դրամ պետական բյուջեից: 2018 և 2019 թվականներին պետական բյուջեից ֆինանսավորվել է 1 մլրդ 296 մլն դրամ, այսինքն՝ 3 տարվա ընթացքում 188 մլն դրամ, 2 տարվա ընթացքում՝ 1 մլրդ 296 մլն դրամ, ընդ որում՝ սրա մեծ մասը այդ թվում պետական բյուջեի հավելյալ հավաքագրված եկամուտներից: Հաջորդը՝ մինչև հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունում եղել է, բացվել է՝ էլի 3 տարվա ընթացքում 220 ինժեներական լաբորատորիա, հեղափոխությունից հետո բացվել է 355 «Արմաթ»  լաբորատորիա, և այսօր մարդիկ մեզ մեղադրում են: Այսինքն՝ մենք տարիուկեսում կրկնակիից ավելի ենք բացել, կրկնակի աճել է թիվը, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ տասը անգամ,  և մեզ այսօր մեղադրում են, որ մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում: Իսկ ինչո՞ւմն է այդ պրոբլեմը: Պրոբլեմը շատ պարզ բանի մեջ է. մենք հիմա ունենք հանրապետությունում 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից, և մենք ասում ենք հետևյալը՝

մենք այս պահին պետք է մի պահ դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, և ինչպես կառավարության նիստում հանձնարարել եմ, որ մենք սրանից հետո մինիմումը պետք է անենք, պետք է խուսափենք մեկ անձից գնումներից և պետք է անենք մրցութային կարգով, այդ վերլուծությունների արդյունքում պետք է ձևակերպենք տեխնիկական առաջադրանք և սրանից հետո այդ լաբորատորիաները պետք է իրականացնենք մրցութային կարգով: Այսինքն՝ մենք ասենք, որ այս-այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբորատորիաներ և հրավիրում ենք մրցույթի «Արմաթ» կազմակերպությանը, մյուս կազմակերպությանը, և ով կտա մեզ բովանդակություն-գին լավագույն առաջակը, այդ կազմակերպություններն էլ կհաղթեն: Ընդ որում՝ հնարավոր է, որ մենք լոտեր ունենանք և ըստ այդ լոտերի առաջնորդվենք: Սա էլ այդ մի մանիպուլյացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումը: Համեցեք, պարոն Հարությունյան:

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան - 575-ի հետ կապված՝ մենք գումարը տվել ենք մեկ կազմակերպության, այսինքն՝ մեկ կազմակերպությունն է այդ ամբողջն արել, որոնցից 284-ը՝ այդ 834 մլն դրամը, որ մենք տվել ենք և իրենք գնում են կատարել և ներդրել են, և մինչև այդ իրականացված ծրագիրը եղել է հետևյալ սկզբունքով. իրենք իրենց միջոցներով, հովանավորների միջոցներով ներդրում են արել, մենք ամբողջությամբ մեզ վրա վերցրել ենք աշխատավարձային ֆոնդը: Բայց իրականացրել է ամբողջությամբ «Արմաթ» լաբորատորիան:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Այսինքն՝ մենք միլիարդից ավելի ենք ծախսել տարիուկեսի ընթացքում, իսկ նախորդ 3 տարվա ընթացքում 188 մլն է ծախսվել պետական բյուջեից: Այդ վիճակագրությունն արդեն ամեն ինչ ցույց է տալիս, և ես չեմ հասկանում՝ այդ ովքե՞ր են, որ մեզ մեղադրում են, որ մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված դպրոցների տեխնոլոգիական առաջընթացին խոչընդոտում ենք: Այս թվերը թող իրենք հրապարակեն, որից հետո միայն էժան շահարկումների դաշտ մտնեն:

 

Հաջորդը՝ 2 լուր. «Միջազգային ժողովրդավարության ինդեքս-2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանը շարունակել է առաջընթաց գրանցել ժողովրդավարության ոլորտում: 2019 թվականի արդյունքներով Հայաստանն ստացել է 5.54 միավոր՝ նախորդ 4.79 միավորի փոխարեն և 17 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ նախորդ 103-րդ տեղի փոխարեն 167 երկրների շարքում զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը: Այսպիսով, մենք կարող ենք արձանագրել, որ միջազգային ինդեքսների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը, ընդ որում՝ տարածաշրջան ասելով նկատի ունեմ ոչ միայն փոքր, այլև մեծ իմաստով:

 

Եվ հաջորդ լուրը, որն այսօր ստացվեց, «Կոռուպցիայի ինդեքս – 2019» Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը պետական սեկտորում կոռուպցիայի վերաբերյալ: Զեկույցում ներառված է 180 երկիր: ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայաստանը՝ անցյալ տարվա 35 միավորի փոխարեն հավաքելով 42 միավոր 100 առավելագույնից և զբաղեցնելով 77-րդ հորիզոնականը՝ նախորդ՝ 105-րդ հորիզոնականի փոխարեն, այսինքն՝ մենք 28 կետով առաջընթաց ենք ապրել: Նշվել է զեկույցում, որ հեղափոխությունից և նոր կառավարության  ձևավորումից հետո Հայաստանը խոստումնալից հեռանկարներ ունի հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու ոլորտում, և, չնայած նշված զարգացումներին, ոչ թափանցիկ հասարակական երևույթները խանգարում են կոռուպցիայի արմատական վերացմանը: Շեշտվել է, որ ժամանակ և ռեսուրսներ կպահանջվեն կոռուպցիայի վերացման համար, իսկ հասարակությունը պետք է ավելի մեծ վստահություն ունենա դատական համակարգի և իրավապահ մարմինների աշխատանքի հանդեպ: Ժողովրդավարական զեկույցում նաև արձանագրվել է, որ չնայած մեծ առաջընթացին՝ Հայաստանը շարունակում է համարվել, այսպես ասած, հիբրիդային ռեժիմ ունեցող երկիր: Ըստ էության, սա նույնպես կապվում է դատական համակարգում առկա խնդիրների հետ, և այդ բարեփոխումների ճակատագրից է կախված մեծապես, թե մենք երկու ոլորտներում էլ, այսինքն, այսպես ասած, միջին երկրների սանդղակը երբ կհաղթահարենք և կհայտնվենք ամենաառաջատար երկրների ցանկում: Այնպես որ, 2020 թվականին մենք պետք է կենտրոնանանք հակակոռուպցիոն ոլորտում, որն ուղղակիորեն կապված է դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ, որպեսզի վերջնականապես ճեղքենք այն շղթան, այն սահմանը, որը մեզ պահում է, այսպես ասած, միջին երկրների շարքում: Սա, իհարկե, մեզ որևէ կերպ չի բավարարում: Համեցեք, պարոն Բադասյան:

 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան –Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, Դուք վիճակագրությունը հրապարակեցիք, ընդամենը 2 հավելում՝ մեկը, որ Հայաստանի մինչ այս ամենաբարձր արդյունքը եղել է 2014 թվականին, երբ միավորը եղել է 37, այսինքն՝ 42 Հայաստանը երբեք միավոր չի ունեցել, և Հակակոռուպցիոն ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով մենք նախատեսել ենք, որ 2023 թվականին 55 միավոր է լինելու: Այն ժամանակ բավական կասկածներ էին հնչում՝ արդյոք մենք նման նպատակ կարո՞ղ ենք մեր առջև դնել: Այս զեկույցի հրապարակումը ցույց է տալիս, որ ավելի քան իրատեսական է: Դուք նշեցիք նաև, որ թափանցիկության և հանրային հաշվետվողականության ոլորտում անելիք ունենք, և այս առումով ուզում եմ նշել, որ կառավարության մի շարք նախաձեռնություններ որոշ ուժերի կողմից անընդհատ շահարկվում են, և ներկայացվում է, որ մեր հերթական՝ թափանցիկություն ապահովող նախաձեռնությունը, օրինակ, կարող է ազդել օտարերկրյա ներդրումների վրա, կայունության վրա: Մինչդեռ հենց նման ցուցանիշներն են և կոռուպցիայի ընկալման ինդեքսն են, որ գալիս են ապացուցելու, որ մեր գործողություններն այդ ոլորտներում միայնումիայն նպաստելու են կայունությանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայր են ապահովելու: Շնորհակալություն:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Համենայն դեպս, 2019 թվականի արդյունքները ցույց տվեցին, որ տնտեսությունը ոչ միայն չի վախենում մեր բարեփոխումներից, այլև, ընդհակառակը, մեր բարեփոխումներից ոգևորված, շատ մեծ տեմպերով զարգանում է, կամ, համենայն դեպս, ակտիվություն է ցուցաբերում, դեռևս չասենք զարգանում է: Համեցեք, պարոն Գրիգորյան:

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան – Առաջին կետի հետ կապված, պարոն վարչապետ, եթե թույլ տաք, մի բան էլ հավելեմ, որ նպաստող վարկային գործիքների ճշգրտումները նաև կվերաբերեն ոչ միայն սպանդանոցներին, այլ նաև լոգիստիկ շղթայի կազմակերպմանը: Պայմանները մշակվելու են, ճշգրտվելու են այնպես, որպեսզի այդ գործիքակազմը հնարավորություն տա նաև արտոնյալ ռեժիմով լոգիստիկ շղթայի համար անհրաժեշտ մեքենա-սարքավորումները գնել:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Հարգելի գործընկերներ, անցնենք կառավարության նիստի օրակարգին:



loading...