Չինացիներին հետաքրքրում են Հայաստանի ՏՏ ոլորտի հնարավորությունները

Չինացիներին հետաքրքրում են Հայաստանի ՏՏ ոլորտի հնարավորությունները
Հունվար 23 12:40 2020

 Ուսանողական ծրագրեր, նոր ձևավորվող հայկական համայնքում կամավորական աշխատանքներ, «Չինահայ» ուսանողական միության շրջանակում միջոցառումների կազմակերպում. այս ամենն իրականացնում է Արաքսյա Ներսիսյանը, ով արդեն 6-րդ տարին անընդմեջ ուսանում է Պեկինի համալսարաններից մեկում:

Արաքսյան «Արմենպրես»-ին պատմեց, որ Պեկինի Ռենմին համալսարանում ուսանում է Միջազգային hարաբերությունների մագիստրատուրայում։ Մինչև Չինաստան մեկնելը, Հայաստանում սովորել է տուրիզմի ոլորտում, ինչպես նաև ուսումնասիրել է տարբեր լեզուներ։

Հիմնական զբաղմունքս Պեկինում՝ ուսումս ու ուսանողական ծրագրերն են

«Պեկինում սովորում եմ արդեն 6 տարի։ Ի սկզբանե ցանկացել եմ մեկնել ավելի տաք և ավելի լավ շրջակա միջավայր ունեցող քաղաք, օրինակ՝ Սիամեն, բայց ընդունվեցի Պեկինի համալսարաններից մեկը և եկա Պեկին»,- նշեց Արաքսյան և հավելեց, որ արդեն մոտ 10 տարի տիրապետում է չինարենին և իր անձնական գրադարանի մի մասն էլ այդ լեզվով է։

Չինաստանում նրա հիմնական զբաղմունքները համալսարանական դասերն ու ուսանողական ծրագրերն են, նոր ձևավորվող հայկական համայնքում կամավորական աշխատանքները, «Չինահայ» ուսանողական միության շրջանակում միջոցառումների և այլ կազմակերպչական հարցերով զբաղվածությունը։

Ասում է, թե շատ հոբբիներ ու հետաքրքրություններ ունի, երբեք պարապ չի լինում և առօրյան բավականին հագեցած է անցնում։

Հեշտ եմ ընտելացել չինական միջավայրին

Արաքսյան շատ բաց է աշխարհի հանդեպ և հեշտությամբ է ադապտացվել նոր միջավայրին։ «Չինարեն սովորելիս բացահայտեցի, որ այդ լեզուն շատ տեղեկատվություն է պարունակում տվյալ ազգի մտածելակերպի ու ավանդույթների մասին։ Այդ իսկ պատճառով ինձ համար համեմատաբար հեշտ էր ադապտացվել այստեղի կյանքին, և ես հստակ գիտեի, թե ուր եմ գալիս»,- պատմեց Արաքսյան։

Նրա համար երկրի նիստ ու կացին ադապտացվելու ժամանակը եղել է առաջին երկու ամիսը, դրանից հետ հանկարծակի ապրելակերպը փոխվել է: Չինաստանում եղած այս 6 տարվա ընթացքում իր ամենամեծ ձեռքբերումը համարում է մարդկանց, ում հանդիպել է:

Կարոտել եմ…

«Այս ընթացքում ընտանիքիս եմ շատ կարոտել և այս տողերով իմ ամբողջ ջերմությունն իրենց եմ ուղարկում: Կարոտել եմ Սարյանի այգին…»,- անկեղծացավ Արաքսյան:

Հայաստանի ուտելիքից հետո ինչպե՞ս է ադապտացվել չինական խոհանոցին. ասում է, թե դա մի քիչ բարդ խնդիր է, քանի որ երկար տարիներ բուսակեր է: «Հիմնականում ինքս եմ պատրաստում, սիրում եմ նոր բաղադրատոմսեր փորձել և հյուրասիրել ընկերներիս»,- նշեց Արաքսյան:

Հայաստան այցելող չինացի ուսանողների թիվը աճելու է

«Կրթական ծրագրեր այստեղ շատ կան։ Չինաստանը բազմաթիվ կրթաթոշակներ է տալիս և՛ մասնավոր, և՛ պետական։ Չինաստանում ուսանել ցանկացողները կարող են դիմել լեզվի ծրագրի՝ չինարեն ուսումնասիրելու նպատակով։ Չինաստանի համալսարաններում բարձրագույն կրթություն ստանալու համար հասանելի են գրեթե բոլոր մասնագիտությունները։ Չինաստանից Հայաստան մեկնող ուսանողները հիմնականում գալիս են ռուսերեն սովորելու նպատակով, սակայն համոզված եմ, որ հայերեն սովորելու նպատակով Հայաստան այցելող չինացի ուսանողների թիվն աճելու է։ Դա պայմանավորված է նրանով, որ Չինաստանի օտար լեզուների համալսարանում արդեն մի քանի տարի է դասավանդվում է հայերեն»,- ասաց ուսանողուհին։

 

Ռենմին համալսարանը, որտեղ ուսանում է, քայլեր է անում Հայաստանի մի քանի բուհի հետ կապեր հաստատելու նպատակով։ Արաքսյան համոզված է, որ երկու կողմն էլ ուրախ են համագործակցության եզրեր գտնելու համար, իսկ ուսանողների, ինչպես նաև դասախոսների համար սա կարող է մի շարք նոր դռներ բացել։  «Եթե չեմ սխալվում, Երևանում Մանկավարժական համալսարանն արդեն իսկ համագործակցում կամ համատեղ ծրագրեր է իրականացնում Չինաստանի Չունցին քաղաքի համալսարաններից մեկի հետ»,- նշեց Արաքսյան։

Հայաստանը հետաքրքիր է իր ներքին ու արտաքին մտքի ուժով

Արաքսյայի պնդմամբ՝ հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարները շատ են։ Նա վստահ է, որ Չինաստանի համար Հայաստանը հետաքրքիր է ոչ թե որպես առանձին մասնիկ, այլ տարածաշրջանում կարևոր բաղադրիչ ու այլընտրանք։

«Հայաստանը լուրջ պոտենցիալ ունի global network center (գլոբալ ցանցային կենտրոն) դառնալու համար: Երկիրը հատկապես հետաքրքիր է իր ներքին ու արտաքին մտքի ուժով և կապերով, ինչը տարածաշրջանի այլ երկրները չեն կարող առաջարկել։ Հատուկ նշեմ, որ արտաքին network ասելով ի նկատի ունեմ հայ մասնագետներին արտասահմանում։ Համոզված եմ, որ մեր զարգացման հարցում, այսուհետև, միայն հույս պետք է դնենք ինքներս մեզ վրա։ Թաքնված պոտենցիալն ինքնին իրենից շատ բան չի ներկայացնում, մինչև որ չսկսենք այն լիովին բացահայտել, մշակել ու գործի գցել»,- ընդգծեց Արաքսյան։

Լիլիթ Դեմուրյան

loading...