ՄԻՊ-ը վարույթ է սկսել 16-ամյա աղջկա մահվան դեպքի առնչությամբ

ՄԻՊ-ը վարույթ է սկսել 16-ամյա աղջկա մահվան դեպքի առնչությամբ
Հունվար 23 12:21 2020

Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել ինչպես 16-ամյա աղջկա մահվան դեպքի առնչությամբ նրա իրավունքների հարցով, այնպես էլ աղջկա սպանության մեջ մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի հոր՝ Արա Սուքիասյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած երկու բողոքների վերաբերյալ:

Ինչպես  հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, պաշտպանի ներկայացուցիչները հունվարի 22-ին չհայտարարված այցի շրջանակում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույց են ունեցել տասնվեցամյա աղջկա մահվան գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանի հետ:

Նա առանձնազրույցի ընթացքում ներկայացրել է քրեական վարույթի հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ համապատասխան գրություն կհասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Կալանավորված անձը ներկայացրել է նաև պահման պայմանների հետ կապված հարց, որը քննարկվել է Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և տեղում ստացել է լուծում:

Պաշտպանին հասցեագրած առաջին բողոքով Արա Սուքիասյանը բարձրացրել է որդու անմեղության կանխավարկածի խախտման հարցը, ինչպես նաև հեռախոսակապով հայտնել մտահոգություն Քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների առնչությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Միջոցներ են ձեռնարկվել Ռաֆայել Սուքիասյանի իրավունքների հետ կապված:
Երկրորդ բողոքը Արա Սուքիասյանը Պաշտպանին հասցեագրել է օրեր առաջ՝ վրեժխնդրության հիմքով իր դստեր նկատմամբ հնչեցված սպառնալիքների վերաբերյալ:
Երկու բողոքներն էլ սահմանված կարգով ընդունվել են քննարկման:

 

loading...