Որեւէ ինքնաթիռի կործանման մասին տեղեկություն չկա. Տավուշի մարզպետ

Որեւէ ինքնաթիռի կործանման մասին տեղեկություն չկա. Տավուշի մարզպետ
Հունվար 23 00:48 2020

Քիչ առաջ ֆեյսբուք սոցալական ցանցում տեղեկատվություն տարածվեց, որ Տավուշի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել, գրում է factor.am-ը:

Օգտատերերը հայտնում էին տեղեկություններ այն մասին, թե իբր Ենոքավան գյուղի մոտակայքում ավիավթար է եղել՝ կործանվել է քաղաքացիական ինքնաթիռ: Քիչ անց շրջանառվեց վարկած, որ մարզում խոշոր գազատար է պայթել:

Տավուշ մարզպետ Հայկ Չոբանյանը Factor.am-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունները: Նա մեզ հետ զրույցում պարզաբանեց.

«Այսօր մենք Ռուսաստանի ՊՆ-ից պաշտոնական տեղեկատվություն ենք ստացել, որ օրվա ընթացքում տեղի են ունեցել օդային զորավարժություններ, երեսունից ավելի օդային տեխնիկա է մասնակցել: Թռիչքները կատարվել են «Էրեբունի» օդանավակայանից: Թռիչքները եղել են ոչ միայն Տավուշում, այլեւ Լոռում: Երեւի այդ թռիքչների աղմուկն է եղել: Որեւէ տեխնիկայի անկման մասին պաշտոնական տեղեկություն չկա»: ԱԻՆ 911 ծառայությունից էլ Factor.am-ին փոխանցեցին, որ որեւէ արտակարգ դեպքի վերաբերյալ ահազանգ չեն ստացել: Թեմային անդրադարձել է նաեւ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը:

Նա ֆեյսբուքում գրել է. «Տավուշի մարզում որեւէ արտառոց բան չի կատարվել, ոչ պայթյուն է որոտացել, ոչ էլ ինքնաթիռ է ընկել: Վերջին ժամերին տարբեր օգտատերերի կողմից սոցցանցերում տարածված գրառումներն, ըստ պատգամավորի, ապատեղեկատվություն են: Սիրելի հայրենակիցներ, տարբեր օգտատերերի կողմից ապատեղեկատվություն է տարածվում առ այն, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթուն է որոտացել, մի մասն էլ տարածում է, թե Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել: Այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարզում ամեն ինչ հանգիստ է, որևէ արտառոց դեպք չի գրանցվել»,- գրել է Սիփան Փաշինյանը:

Աղբյուր՝ factor.am

loading...