Սգացող մարդու հասցեին Ալեն Սիմոնյանը ստոր գրառում է արել. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)


Սգացող մարդու հասցեին Ալեն Սիմոնյանը ստոր գրառում է արել. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)
Հունվար 22 23:21 2020

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ ԱԺ-ում ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի երեկվա ելույթում ոչ մի անօրինական բան չկար և իր համար անհասկանալի էր՝ ինչու այդ ելույթից հետո անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ու իշխանական պատգամավորները բուռն արձագանքեցին: Այս մասին Գառնիկ Իսագուլյանն ասել է Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ, գրում է Tert.am-ը։

Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ այդ ագրեսիվ դրսևորումը գուցե հին հաշիվների արդյունք էր կամ էլ նոր հաշիվների սկիզբ. «Իշխող կուսակցությունն ագրեսիվ լինելու փոխարեն լավ կանի հետևի իր ղեկավարի օրինակին ու հանգիստ նստի տեղը»:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքին՝ Գառնիկ Իսագուլյանն ասել է. «Հայաստանում ձևավորվել է բարոյահոգեբանական մի մթնոլորտ, որը շատ ծանր է տանելն ու պարկեշտ մարդկանց համար դժվար է հարմարվել տիրող իրավիճակին»:

Գառնիկ Իսագուլյանը, հիշելով այն տարիները, երբ ինքը Սերժ Սարգսյանի խորհրդականն էր, իսկ Գեորգի Կուտոյանը՝ օգնականը, նշում է, որ վերջինս չափից դուրս պարկեշտ մարդ էր․ «Գեորգի Կուտոյանն այնքան պարկեշտ մարդ էր, որ անգամ շատ հարցերում ամաչում էր կարծիք հայտնել»։

Խոսելով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի գրառումից՝ ուղղված Սերժ Սարգսյանին, Գառնիկ Իսագուլյանն ասել է․ «Գեորգի Կուտոյանը Սերժ Սարգսյանի ընկերն է եղել և նա սգում էր իր ընկերոջ մահը։ Ալեն Սիմոնյանն էլ սգացող մարդու հասցեին ստոր գրառում է անում՝ լկտի ձևով պատասխանելով իմ կայքի աշխատակցուհու հասցեին»։

Իսագուլյանի խոսքով՝ այս հարցը պետք է տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և թող նա ասի՝ իրենք սիրո և հանդուրժողականության հեղափոխությո՞ւն են արել, թե՞ ստորության ու այլանդակության հեղաշրջում։ Իսագուլյանի դիտարկմամբ՝ տիրող մթնոլորտը հարիր չէ մեր ազգին։