«Ինչ ունեմ ասելու, քննիչներին ասել եմ». Կուտոյանի տան դուռը կապարակնքված է, հարեւանները շատ զգուշավոր են ու սակավախոս


«Ինչ ունեմ ասելու, քննիչներին ասել եմ». Կուտոյանի տան դուռը կապարակնքված է, հարեւանները շատ զգուշավոր են ու սակավախոս
Հունվար 21 22:14 2020

 

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի՝ Պարույր Սեւակ 8/1 շենքում գտնվող բնակարանի դուռը կապարակնքված է քննիչների կողմից։ Շենքում քար լռություն է. մարդիկ դեռ ուշքի չեն եկել տեղի ունեցածից, գրում է Armtimes.com-ը։

Կուտոյանն իր կնոջ եւ փոքրիկ տղայի հետ ապրում էր 10-րդ հարկում։ Մուտքի բնակիչներից մեկը մեզ թույլ տվեց իր հետ մուտքից ներս մտնել (մուտքի դուռը բացվում է կոդով), սակայն զգուշացրեց, որ ոչ ոք չի խոսելու։ 9-րդ հարկի այդ բնակիչը չսխալվեց. 9-րդ, 10-րդ, 11-րդ հարկերում մեր թակած 8 դռներից եւ ոչ մեկը չբացեցին՝ չնայած ակնհայտ էր, որ ապրողներ կան այդ տներում։ Կրակոցների ձայներ չե՞ք լսել. վերելակում միայն հասցրի հարցնել 9-րդ հարկի հարեւանին, տղամարդը խիստ դեմքով պատասխանեց. «Չեմ մեկնաբանում, ինչ ունեմ ասելու, քննիչներին ասել եմ»։ Բակում մի քանի այլ հարեւանների հանդիպեցինք, նույն մուտքում ապրող մի կին վստահեցրեց, որ որեւէ կրակոցի ձայն, աղմուկ նրանց տնից չի լսել, ասաց, որ Կուտոյանի որդին բակում իր երեխաների հետ հաճախ էր խաղում, ԱԱԾ նախկին տնօրենին ու նրա կնոջը ճանաչում էին որպես համեստ ու լավ մարդկանց։ Կինն ասաց նաեւ, որ Կուտոյանին հաճախ տեսնում էր շենքի հարեւանությամբ գտնվող սպորտային համալիր գնալիս։ Կուտոյանի համեստության մասին խոսեց նաեւ մեկ այլ հարեւան՝ կողքի մուտքից։ Ասաց, որ անցնելիս բարեւել է նույնիսկ այն ժամանակ, երբ ԱԱԾ տնօրեն էր աշխատում, եւ մարդիկ սպասում էին, թե գոռոզացած կլինի։ Մեզ հանդիպած այլ հարեւաններ չափազանց զգուշավորություն ցուցաբերեցին՝ չցանկանալով բառ անգամ ասել։

հուղարկավորեցին

Նախօրեին տեղի ունեցավ 38-ամյա Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի հոգեհանգստի արարողությունը, իսկ երեկ նրա մարմինը հողին հանձնեցին։ Հոգեհանգստին եւ հուղարկավորությանը, ի թիվս հարազատների, բարեկամների, բազմաթիվ այլ քաղաքացիների, իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների, մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։

Կիրակի օրը լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը. «Ձեռք են բերվել բավականաչափ տվյալներ ինքնասպանության մասին վկայող։ Բայց բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննությունը կիրականացվի։ Քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերվելու, առավել եւս՝ քննության արդյունքների մասին, մենք բոլորս, անձամբ ես ձեզ հետ խոսելու առիթ կունենամ»։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից էին «Արմենպրես»-ին տեղեկացրել, որ ՀՀ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար՝ ընդգծելով. «ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ եւ ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաեւ երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի՝ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»:

Քեմբրիջում էր սովորում

Կուտոյանի մահվան դեպքը քննող Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրեց, որ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այլ մանրամասներ չհրապարակվեցին։ Հարուցված քրգործից մանրամասներ հրապարակվել էին նախօրեին։

«Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հյուրասենյակում գտնվող բազմոցի (որի վրա հայտնաբերվել է Գ. Կուտոյանի դիակը) դիմաց առկա փոքր սեղանի վրա հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ եւ 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարեւանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է եւս 3 գնդակ: Հյուրասենյակում՝ Գ. Կուտոյանի աջ ոտքի ուղղությամբ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ՝ առանց փամփուշտի: Հյուրասենյակում գտնվող բազմոցի (որի վրա հայտնաբերվել է դիակը) դիմային պատին, որը հանդիսանում է հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատը, հայտնաբերվել են 41 վնասվածքներ, այդ թվում՝ միջանցիկ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թ. դեկտեմբերի 9-ին՝ Գ. Կուտոյանը ՀՀ վերադառնալուց հետո, ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սեւակի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարան: Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թ. դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ ալկոհոլ օգտագործելուց հետո օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին: Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները եւ հայտնաբերված գնդակները հավաքել եւ դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին»,- նշվում էր հաղորդագրությունում:

Դրանում նշվում էր նաեւ, որ Կուտոյանը 2020 թ. հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երեւանի Արշակունյաց պողոտայից, վարձակալած տաքսիով ուղեւորվել է Պարույր Սեւակի իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու-երեք օր հանգստանալու իր մտադրության մասին: 2020 թ. հունվարի 17-ին Գ. Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին:

Հաղորդագրությունից պարզ էր դառնում, որ Կուտոյանը Հայաստան է վերադարձել 2019 թ. դեկտեմբերի 9-ին։ Թե մինչ այդ նա որտեղ է եղել եւ ինչու է վերադարձել՝ չէր մանրամասնվում։ ԱԱԾ նախկին տնօրենի մորաքրոջ որդուց՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից, հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ է եղել Կուտոյանը մինչ դեկտեմբերի 9-ը, ինչո՞ւ  է վերադարձել Հայաստան: Ուրիխանյանն ասաց, որ մանրամասների չի տիրապետում, ոչինչ չի կարող ասել։ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել էր՝ դրսում սովորում էր, տոներին էլ վերադարձել էր տուն:

«Հետք» պարբերականը Cambrigetrust.org կայքից տեղեկացել է, որ Գ. Կուտոյանը բրիտանական Քեմբրիջի համալսարանի «Cambridge Trust» կրթաթոշակով 2019-2020 թթ. ուստարում իրավագիտություն էր սովորում այս համալսարանի Սբ. Էդմունդի քոլեջում: Նա մասնագիտությամբ իրավաբան էր, 1997-2002 թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել էր Ռոստովի պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2002-2005 թթ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան՝ դառնալով իրավաբանական գիտությունների թեկնածու, իսկ 2007-ին ավարտել էր ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը:

անվտանգության 

ապահովման կարիք կա

Կուտոյանի մահվան դեպքի առիթով շարունակվում են շահարկվել նախկին պաշտոնյաների անհասկանալի մահվան դեպքերը։ Խոսքը վերաբերում է ամիսներ առաջ իր բնակարանում, նախնական տեղեկություններով, ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, նոյեմբերին ՌԴ-ում գարեջրի գործարանի պայթյունի հետեւանքով (ըստ ռուսական ԶԼՄ-ների) մահացած Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին։ Միեւնույն ժամանակ համացանցում շարունակվում են քննարկումները, թե ինչու նման պաշտոնյաների անվտանգությունը չի ապահովվում։ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երեկ մեր զրույցում ասել էր, որ կան պաշտոնյաներ, որոնց անվտանգության լրացուցիչ պահպանման խնդիր գոյություն ունի. «Որովհետեւ վերջին հաշվով հիմա բաներ են կատարվում, որ հասարակության մեջ լարվածության եւ հարցականների տեղիք են տալիս։ Կարծում եմ, որ արժե այդ մասին համապատասխան մարմինները մտածեն եւ առաջարկություններ ներկայացնեն, թե ինչ ձեւաչափով պետք է խնդիրը լուծվի»: Խոսքը, ըստ նրա, առաջին հերթին վերաբերում է ուժային կառույցների եւ կարեւոր, հնչողություն ունեցող քրգործերի շրջանակում շատ կարեւոր վկաների անվտանգությունը ապահովելու խնդրին:

Աղբյուր՝ Armtimes.com



loading...