Հնչել է 30-40 կրակոց․ Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ ՔԿ


Հնչել է 30-40 կրակոց․ Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ ՔԿ
Հունվար 17 19:25 2020

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:  Այս մասին ասաց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

«Դեպքի վայրում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին` հրազենային վնասվածքով: Դեպքի վայրում հայտնաբերվել է «Glock» տեսակի ատրճանակ: Տեղում պարզել ենք, որ զենքը օրինական է: Կուտոյանը զենքը ստացել է Վրաստանի անվտանգության ղեկավարի կողմից՝ պարգևատրման կարգով: Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ սենյակում, որտեղ դին հայտնաբերվել է: Դեպքի վայրում կնոջ և հոր մասնակցությամբ գործողություններ են կատարվում, որևէ այլ անձ չի եղել դեպքի վայրում, բացի քրեագետներից և այլ մասնագետներից»,- ասաց նա:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի խոսքով` այս պահին եղած տվյալներով հարուցում են քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու:

«Կարող է լինել սպանություն, սպանություն՝ քողարկված ինքնասպանությամբ և այլն: Հետագայում համալիր փորձաքննություններով և մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզ կլինի, թե ինչ է տեղի ունենում:  Տեսանկարահանող սարքերի մի շարք զննություններ է արվել, տեսաձայնագրությունները արդեն առգրավման գործընթացում են»,- հավելեց Մելիքյանը:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետը հայտնեց, որ Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում:

«Դատաբժշկական փորձաքննությամբ վաղը արդեն ավելի ստույգ կպարզենք մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը»,- ասաց Մելիքյանը:

Հարցին` արդյոք գնդակները միայն Կուտոյանի զենքից են արձակվել, Մելիքյանը պատասխանեց, որ դա միայն պարզ կլինի դատաձգաբանական փորձաքննությունից հետո:

«Փորձաքննությամբ կպարզենք նաև Կուտոյանի արյան մեջ ալկոհոլ կա՞ր, թե՞ ոչ»,- եզրափակեց Մելիքյանը:

Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ: Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 2011թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2011-2014թթ. զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2016-2018թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը։



loading...