Ռոմանոս Պետրոսյանի անձնական տեսակետով՝ Եղվարդի ծննդատունը պետք է գործի, վերազինվի նոր սարքավորումներով եւ նորոգվի.


Ռոմանոս Պետրոսյանի անձնական տեսակետով՝ Եղվարդի ծննդատունը պետք է գործի, վերազինվի նոր սարքավորումներով եւ նորոգվի.
Հունվար 14 16:40 2020

Որեւէ միտում չկա քաղաքացու շահը ստորադասելու կամ նրա շահին դեմ գնալու, պարզապես հնչել են բազմաթիվ մտահոգություններ, որոնք գուցե այդ որոշում կայացնողները հաշվի չէին առել կամ խորապես չեն ուսումնասիրել, հիմա այս թնջուկը եւս մեկ անգամ առիթ հանդիսացավ, որ Եղվարդի ծննդատան լուծարման հարցը բարձրացվի։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ոլորտի լիազոր մարմինը Առողջապահության նախարարությունն է, այդ նախարարությունն է տարեկան բյուջեն կազմում, ֆինանսավորումը, քաղաքականությունը մշակում, իսկ մարզպետի ինստիտուտն այդ քաղաքականությունը ներդնում է մարզում, եւ իրականացնում է ամենօրյա կառավարումը մարզային ենթակայության այնպիսի բուժհաստատություններում  ինչպիսին՝ Նաիրի ԲԿ-ն է։ Մասնավորապես, Նաիրի ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի պետական ֆինանսավորումը դադարեցնելու մասին  գրավոր որոշում մենք չենք ստացել, պարզապես նախարարության մեր գործընկերները մինչեւ այս մեզ հայտնել էին, որ նման քաղաքականություն են պատրաստվում իրականացնել այն փաստերի հիման վրա, որոնք պարոն Թորոսյանն արդեն հրապարակել է»,- ասաց մարզպետը։

Պետրոսյանն ասաց, որ հունվարի 8-ին պաշտոնական գրությամբ դիմել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ վերանայելու մարզերում առկա մի քանի ծննդատների լուծարման որոշումը. «Իմ մտահոգություններն եմ հայտնել, փաստերն եմ ներկայացրել, որ Եղվարդի ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքը դրականորեն տարբերվում է այլ ծննդատներից։ Տարբերվում է այն իմաստով, որ 2018-ի համեմատությամբ 2019-ին ունեցել ենք ծննդօգնության աճ. 2018-ին ընդունել են 119 ծնունդ, 2019-ին՝ 136։ Այն շեմը, որը նշել է նախարարը, այդ շեմը մենք զիջում ենք մեկուկես տասնյակով, որը լիահույս եմ բուժծառայությունների որակի բարձրացմամբ այս տարի այդ շեմն էլ կհաղթահարենք»։

Մարզպետը շեշտեց, որ Առողջապահության նախարարի հետ ունեցել են փոխըմբռնում. «Մարզային ենթակայությանը մեկ այլ ծննդատուն ունենք՝ Աբովյանի ծննդատունն է, որը բավականին հեռու է Եղվարդից եւ այլ տարբերակը՝ մայրքաղաքի ծննդատներն են, որոնք դարձյալ հեռու են, չնայած, որ նախարարը փաստում էր, որ ամենամոտ համայնքներից է։ Ամենամոտ համայնքը Եղվարդն է, բայց այդ համայնքը սպասարկում է այլ գյուղեր»։

Ռոմանոս Պետրոսյանի անձնական տեսակետով՝ Եղվարդի ծննդատունը պետք է գործի, վերազինվի նոր սարքավորումներով եւ նորոգվի.

«Այս րոպեին եթե ծննդկան մոտենա ծննդատանը, ծննդօգնություն իրականացվելու է։ Այս պահին արձանագրում ենք, որ ծննդատունը չի փակվում, սպասում ենք ծննդկաններին եւ նիշ ենք սահմանում՝ 150-ի նիշը պիտի հաղթահարենք։ 2-3 օրվա մեջ նախարարը Կառավարությունում կներկայացնի բոլոր այն փաստարկները, որոնք այսօր հնչել են իմ եւ մյուս մարզպետների կողմից։ Հույս ունեմ, որ Եղվարդի մասով կունենանք դրական լուծում»։