Շիրակում մեկ տարում բռնության 11 դեպք է արձանագրվել


Շիրակում մեկ տարում բռնության 11 դեպք է արձանագրվել
Հունվար 14 14:50 2020

Շիրակի մարզում բռնության դեպքերը բացահայտելու և կանխարգելելու նպատակով «Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամը, «Միջազգային կաթոլիկ երեխայի բյուրո»-ի  (BICE) հետ համատեղ իրականացնում է «Պայքար երեխայի հանդեպ բռնության, հատկապես սեռական չարաշահման դեմ» ծրագիրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի շրջանակներում միայն մեկ տարվա ընթացքում կատարված 11 տարաբնույթ բռնության դեպքեր են ուսումնասիրվել:  Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբան  Սիրակ Եղիազարյանը փաստում է՝  11 դեպքից 3-ը սեռական բնույթի են, բայց դա իրական պատկերը չէ, քանի որ թեման շարունակում է «փակ» մնալ շատերի համար՝ հատկապես գյուղական համայնքներում: «Հեշտ չէ բացահայտել: Շատ քչերն են դիմում օգնության: Կա  դիմադրություն՝ ընդունելու, որ մեր համայնքում տեղի է ունենում հատկապես սեռական բռնություն ու չարաշահում երեխայի հանդեպ»:

Ըստ մասնագետների, սեռական բռնությունից  ապահովագրված չէ ոչ մեկը՝  տարիքային, սոցիալական կամ սեռային տարբերություն չկա, միակ տարբերությունն այն է, որ  շատ դեպքերում սեռական բռնության ենթարկվում են նրանք, ովքեր ֆիզիկապես թույլ են: «Փորձը ցույց է տալիս, որ բռնարարները միշտ իրենց համար ընտրում են ապահով տարածք, այսինքն, եթե ծանոթ է, ապա «ամոթախեխդ, լուռ է»,-նշում է հոգեբան Ելենա Հովհաննիսյանը: 

Հոգեբանը ասում է՝ գյուղական համայնքերում սեռական բռնության ավելի շատ ենթարկվում են հարազատի կողմից՝ հոր, եղբոր, հորեղբոր, հորեղբոր կամ մորաքրոջ տղայի կողմից, իսկ քաղաքում ավելի շատ ոչ մոտ արյունակցական կապ ունեցող, ընտանիքին մոտ կանգնած  անձի կողմից՝ հարևան, հայրիկի ընկեր և այլն: «Գյուղական համայնքներում դրա գիտակցումն ավելի թույլ է: Հենց գյուղական համայնքներում են բռնության դեպքերն ավելի սահմռկեցուցիչ՝  երբեմն նույնիսկ երևակայությունից դուրս»,-նշեց Սիրակ Եղիազարյանը:

Մասնագետները փաստում են, որ շատ հաճախ սեռական բռնության ենթարկվում են նաև մտավոր խնդիրներ ունեցող երեխաները: Նրանք ավելի հաճախ չեն գիտակցում իրենց հետ կատարվածը:

Արմենուհի Մխոյան