Ծիծաղելի է խոսել դրամի գերարժևորված լինելու մասին. ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանի հարցազրույցը


Ծիծաղելի է խոսել դրամի գերարժևորված լինելու մասին. ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանի հարցազրույցը
Հունվար 14 13:03 2020

 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն անդրադարձել է պնդումներին, թե որոշ երկրներ խելամտորեն ստերիլիզացնում են իրենց արտարժութային միջոցները, իսկ ՀՀ ԿԲ-ն գերարժևորված է պահում դրամը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանի հետ հարցազրույցը.

Պարոն Ստեփանյան, վերջերս մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը քննարկումներ առաջացրեց հասարակության շրջանում՝ անմասն չթողնելով նաև մասնագետներին, որոնք հանդես եկան տարբեր, երբեմն իրարամերժ հրապարակումներով: Կենտրոնական բանկն «ավելացնելու բան ունի՞»:

Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները, այդ թվում՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշները, բոլոր երկրների համար հրապարակվում են միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքէջերում, և այդ տվյալներով հետաքրքրվողները կարող են այնտեղից ստանալ այդ տեղեկություններն իրենց հարմար ձևաչափով՝ և՛ համադրելի գներով, և՛ անվանական արժեքով, և՛ PPP-ով: Սակայն կցանկանայի անդրադառնալ վերջերս հնչող այն պնդումներին, թե որոշ երկրներ խելամտորեն ստերիլիզացնում են իրենց արտարժութային միջոցները, իսկ մենք հիմարաբար գերարժևորված ենք պահում դրամը:

Թույլ տվեք նկատել, որ դա նոր պնդում չէ, այլ հնչում է, կարելի է ասել, բավականին երկար ժամանակ: Եվ եթե նայենք ոչ-մասնագետի՝ հասարակ քաղաքացու աչքով, ապա ո՞րն է նման պնդումների տնտեսագիտական հիմքը կամ տրամաբանությունը:

Մեծ հաշվով, այս պնդումը հանգում է հետևյալին. արդյո՞ք դրամավարակային քաղաքականության իրականացումն արդյունավե՞տ է, թե՞ ոչ: Հարցը եկեք քննարկենք այս տեսանկյունից: Բնականաբար, պետք է գանք դրամավարակային քաղաքականության նպատակից. հայտնի է, որ դրամավարակային քաղաքականության նպատակը ցածր գնաճի ապահովումն է, գնաճային սպասումների խարսխումը, և, բնականաբար, եկամուտների գնողունակության պահպանումը: Այսպես. դրամավարակային քաղաքականությունը նպաստում է կայուն ու բարձր տնտեսական աճի ապահովմանը: Մեր երկրում այս կարևորագույն գործոններն առկա են, և ուրվագծվող կառուցվածքային փոփոխությունների շարունակման պարագայում կարող ենք գնահատել, որ հաջորդ տարիներին ևս կպահպանվեն տնտեսական աճի բարձր տեմպերը: Վերոհիշյալը հիմք է տալիս դրամավարակային քաղաքականության արդյունավետությունը գնահատել բավականին բարձր: Բնականաբար, նման միջավայրում է փոխարժեքը ձևավորվում է շուկայական ֆունդամենտալների ներքո, և ուղղակի ծիծաղելի է խոսել դրամի գերարժևորված լինելու մասին: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ 2019 թ. ընթացքում Կենտրոնական բանկն արտարժութային շուկայից խելամտորեն ստերիլիզացրել է ավելի քան 550 մլն ԱՄՆ դոլար, ապա պատկերացրեք, թե այդ ստերիլիզացիոն գործիքների չկիրառման պարագայում ինչպիսի՞ն կլիներ դրամի փոխարժեքը հիմնական արժույթների նկատմամբ: Ա՛յդ ժամանակ կարող էինք խոսել գերարժևորված փոխարժեքի մասին:

 

Անդրադառնանք դրամավարակային քաղաքականության արդյունավետության գնահատման մյուս ասպեկտին. դիտարկենք այն նախորդ ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների ներքո: Նկատի ունեմ որոշակի ճգնաժամային կամ նախաճգնաժամային իրավիճակներ՝ արտաքին աշխարհից եկած շոկեր, կամ երկրի ներսում տեղի ունեցած կարևոր իրադարձություններ: Մասնավորապես, 2018 թ-ի մարտ-ապրիլ և դրան հաջորդող ամիսներին մեր երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, բնականաբար, օբյեկտիվորեն երկրի տնտեսական քաղաքականությունը մղել էին հետին պլան: Այդուհանդերձ, Կենտրոնական բանկն իր խելամիտ գործողությունների շնորհիվ կարողացավ ֆինանսական համակարգը և ամբողջ մակրոտնտեսական ֆոնը պահել կայուն վիճակում: Նույնիսկ շատերը որևէ փոփոխություն չնկատեցին և՛ ֆինանսական, և՛ ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշներում:

Դա միա՞կ հաջողված ու արդյունավետ փորձն է, որը ձեռնարկվել է ԿԲ կողմից:

Ո՛չ, ինչո՞ւ միակը: Հիշենք, որ 2014 թ-ի դեկտեմբեր ամսին մեր երկրի արտարժութային շուկայի իրադարձությունները շատ-շատերի համար ուղղակի քաոսային էին, սակայն ոչ Կենտրոնական բանկի համար: Այդ օրերին նույնպես Կենտրոնական բանկն իր խելամիտ քաղաքականության և գործողությունների շնորհիվ կարողացավ կարճ ժամկետում հանգստացնել ֆինանսական շուկայի մասնակիցների և հասարակության տարբեր շերտերի սպասումները, և երկիրը վերադարձնել բնականոն զարգացման փուլ: Կենտրոնական բանկի կամ դրամավարակային քաղաքականության արդյունավետության իրական գնահատականը նման իրավիճակներից նվազագույն կորուստներով դուրս գալու ունակությունն է:

Վերցնենք 50 կամ 100 զարգացող տարբեր երկրներ, այդ թվում՝ մեր անմիջական հարևան երկրները, Մերձավոր ու Միջին Ասիայի, Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի, Լատինական Ամերիկայի երկրները, և 2013 թվականն ընդունելով բազային տարի, կարող ենք արձանագրել, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճի տեմպի ցուցանիշով Հայաստանը առաջին հնգյակում կամ տասնյակում է: Ցանկացած մարդ կարող է համեմատել վերոհիշյալ ցուցանիշները:

Հրապարակենք նաև մի քանի թվեր մեր և մեր հարևան երկրների վերաբերյալ. կրկին՝ 2013 թ-ը բազային տարի ընդունելու պարագայում, հաջորդ հինգ տարվա կտրվածքով, օրինակ, կուտակային գնաճը ՀՀ-ում կազմել է ընդամենը 8.7 տոկոս, իսկ նույն ժամանակահատվածում ազգային արժույթն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 18 տոկոսով: Վրաստանում՝ նույն ժամանականահատվածում կուտակային գնաճը կազմել է 26.2 տոկոս, իսկ ազգային արժույթի արժեզրկումը՝ 69.5 տոկոս: Ադրբեջանում՝ համապատասխանաբար 40 տոկոս և 116.8 տոկոս: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի կուտակային աճը՝ PPP-ով հաշվարկված, Հայաստանում և Վրաստանում կազմել է մոտ 30 տոկոս, իսկ Ադրբեջանում՝ 4.8 տոկոս:

Ամփոփելով, կոչ կանեի մերկապարանոց պնդումներից առաջ խելամտորեն ուսումնասիրել տեղի ունեցած զարգացումները, և եթե նույնիսկ ինչ-որ մեկին դուր չի գալիս Կենտրոնական բանկը, ապա նրան կհորդորեի մնալ օբյեկտիվության սահմանների մեջ: