Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք բացահայտելու մասին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք բացահայտելու մասին
Հունվար 14 11:45 2020

ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, առանց համապատասխան թույլտվության զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ` բնակելի տների կառուցապատմամբ և վաճառքով, ստանալով տարբեր պատվերներ` Երևան քաղաքում կառուցել և տարբեր անձանց է վաճառել բազմաթիվ բնակելի տներ, որոնցից հերթականը կառուցելու համար պատվիրատուից ստացել է 27.000 ԱՄՆ դոլար (համարժեք դրամ):

Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2013 թվականի ընթացքում բնակելի տունն ապօրինի կերպով կառուցելու ընթացքում Երևանի տվյալ վարչական շրջանի աշխատակիցներն արգելել են ապօրինի շինարարությունը։ Շինարարական աշխատանքները շարունակելու նպատակով շինարարությունն իրականացնող անձը համաձայնության գալով տվյալ վարչական շրջանի պաշտոնատար անձի հետ` վերջինիս որպես կաշառք փոխանցել է տան շինարարությունը պատվիրած անձից այդ նպատակով ստացած 3000 ԱՄՆ դոլար, որից հետո անարգել վերսկսել է ապօրինի շինարարությունը և կառուցել բնակելի տունը: Նախաքննությամբ կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալներով հիմնավորվել է նկարագրված հանգամանքներով կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության հանգամանքները, որի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...