ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա


ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա
Հունվար 14 11:00 2020

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել է քրեական գործ հարուցել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա։ Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Դ.Խաժակյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ստացել է քննիչի որոշումը, սակայն չի շտապի դրան գնահատական տալ, քանի որ 30-էջանոց փաստաթղթին ամբողջությամբ դեռ չի հասցրել ծանոթանալ։

«Ես այսօր ծանուցվեցի, որ քրեական գործի հարուցումը մերժվել է, որի հիմքերն ուսումնասիրում եմ։ Ինչ հիմքով են մերժել՝ այս պահին չեմ կարող ասել»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը տարեվերջին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա տեղակալ Հրաչյա Սարգսյանի լիազորություններն անցնելու և պաշտոնական կեղծիք կատարելու մասին։ Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետն արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում երկարաձգել է արձակուրդը հետին թվով, իսկ նրա պարտականությունները կատարել է օրենքով չնախատեսված անձ։ Հղում անելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին՝ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը պնդել էր, որ քաղաքապետի բացակայության ժամանակ նրան կարող է փոխարինել միայն առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, սակայն փոխարինել է մյուս տեղակալ Հայկ Սարգսյանը, ինչը նշանակում է՝ պաշտոնյան գերազանցել է իր լիազորությունները և նրա ստորագրած շուրջ 70 իրավական ակտը առոչինչ են։