Իրանում նոր քայլ են մտածել Թրամփի դեմ


Իրանում նոր քայլ են մտածել Թրամփի դեմ
Հունվար 14 10:07 2020

Թեհրանն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար Միջազգային դատարան հայց է ներկայացնելու Դոնալդ Թրամփի դեմ: Այս մասին հայտնել է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին:

Ռաիսիի խոսքերով, Իրանը պետք է այնպես անի, որ Թրամփը պատասխանատվության ենթարկվի իր արարքների ու միջազգային օրենքները խախտելու համար: Դատական հայց ներկայացնելու հարցը մշակվելու է մարդու իրավունքների հարցերով խորհրդում՝ երկրի ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ:

Թրամփը դատարան է հրավիրվելու որպես գլխավոր մեղադրյալ. «Մենք նրան հանգիստ չենք տալու, նա պետք է միջազգային տրիբունալի առաջ կանգնի»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահը Սուլեյմանիի սպանության հրամանն արձակել է 2019 թվականի ամռանը, երբ իրանական ուժերն Օրմուզում խոցեցին ամերիկյան անօդաչուն: