Բաքվում կոտորած է իրականացվել հայերի նկատմամբ. հետահայաց «The New York Times»-ի անդրադարձին

Բաքվում կոտորած է իրականացվել հայերի նկատմամբ. հետահայաց «The New York Times»-ի անդրադարձին
Հունվար 13 21:01 2020

Բաքվում 30 տարի առաջ այս օրերին հայերի նկատմամբ տեղի ունեցած ջարդերն ու վայրագությունները տեղ են գտել միջազգային մամուլում: Հեղինակավոր «The New York Times» խմբագրականը 1990 թվականի հունվարի 19-ին անդրադարձել է Բաքվում հայերի նկատմամբ իրականացված ջարդերին:

Հոդվածում սկզբում խոսվում է ազգայնականության մասին, և թե այն տարածաշրջանի տարբեր հատվածներում ինչ դրսևորումներ է ստանում:

«Այս շաբաթ Բաքվում կոտորած է իրականացվել հիմնականում քրիստոնյա հայերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից՝ ցույց տալով ազգայնականության գարշելի դրսևորում»,-ասված է հոդվածում: Նշվում է, որ ատելությանը սկիզբ դրվեց երկու տարի առաջ զինված ադրբեջանցիների կողմից Սումգայիթում իրականացված սպանդով: Նրանք սպանեցին 30-ից ավելի մարդու՝ հիմնականում հայերի:

«1988 թվականի երկրաշարժից հետո Ադրբեջանը արգելափակեց Հայաստանի ճանապարհները: Արդյունքում փորձում է վերահսկողություն ծավալել Լեռնային Ղարաբաղում»,-նշված է հրապարակման մեջ՝ ընդգծելով, որ հայերը պաշտպանություն են փնտրում Մոսկվայում:

Երեսուն տարի առաջ՝ 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց: 1990թ. հունվարի 13-19-ին տեղի ունեցած ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորում էին դրանք:

Ադրբեջանում հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988թ. դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին: 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Ջարդերը շարունակվել են 6 օր: Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են: Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը 1988, 1990 և 1991թթ. ընդունած բանաձևերում դատապարտել է Եվրոպական Խորհրդարանը: Փաստն արձանագրել և դրա հետևանքների մասին 2002թ. խոսել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը:

loading...