Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված հղի կինը կորցրել է երեխային


Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված հղի կինը կորցրել է երեխային
Հունվար 13 19:16 2020

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է՝ հունվարի 2-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Mitsubishi Pajero-ն վարել է Չարենցավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Մհեր Բաղդասարյանը, իսկ Opel-ը վարել է Արզական գյուղի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Գալստյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Մ. Բաղդասարյանը, Գ. Գալստյանը, վերջինիս ուղևոր Երևանի բնակիչներ, 1-ամյա Արեն Նազարյանը, 35-ամյա Թագուհի Թադևոսյանը և ժամեր անց՝ «Չարենցավան» բժշկական կենտրոն է դիմել Opel-ի ուղևոր, 22-ամյա Գոռ Սաքունցը:

Կայքի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Opel-ի վարորդ Գ. Գալստյանը եղել է սթափ, իսկ Մ. Բաղդասարյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ի վարորդը, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, Opel-ի վարորդի համար ստեղծել վթարային իրավիճակ, այնուհետև բախվել Opel-ին, իսկ հետո հայտնվել դաշտում:

Կայքի տեղեկություններով՝ Mitsubishi-ի հարբած վարորդը Չարենցավանի նախկին ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Տոնոյանի կնոջ եղբայրն է: Վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Թ. Թադևոսյանը, որը հղի էր, կորցրել է իր ապագա աղջիկ երեխային:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, հունվարի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան քաղաք տանող հատվածում բախվել էին Opel և Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ 1 տարեկան երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Չարենցավան» բժշկական կենտրոն։



loading...