Ժապավենով կապել են տանտիրոջ բերանը եւ պահարանից հափշտակել գումար. 2 անձի մեղադրանք է առաջադրվել


Ժապավենով կապել են տանտիրոջ բերանը եւ պահարանից հափշտակել գումար. 2 անձի մեղադրանք է առաջադրվել
Հունվար 13 10:26 2020

Լոռու մարզում կատարված բնակարանային գողության նախաքննությունն ավարտվել է. երկու անձի մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի լրատվության ծառայությունից։

Լոռու մարզի երկու բնակիչներ՝  ծնված 1991 եւ 1999 թվականին, նախապես իմանալով, որ նույն մարզի տարեց բնակիչը զբաղվում է անասնապահությամբ եւ կաթի վաճառքից ունի կայուն եկամուտ, իսկ վերջինիս բնակարանի մուտքի դուռը երեկոյան ժամերին առհասարակ չի կողպվում, կուտակված գումարային պարտքերը մարելու նպատակով նախնական համաձայնության են եկել վերջինիս բնակարան ապօրինի մուտք գործելով գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ:

Իրենց մտադրությունն իրականացնելու համար 2019 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, տարեց տղամարդու առանձնատնից գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մագլցելով տան հարակից երկաթե պարսպի վրայով, ապօրինի մուտք են գործել առանձնատան բակ:

Օգտվելով առանձնատան մուտքի դուռը չկողպված լինելու, ինչպես նաեւ տան տիրոջ քնած լինելու հանգամանքներից՝ ապօրինի մուտք են գործել առանձնատան առաջին հարկում գտնվող հյուրասենյակ եւ որպեսզի աննկատ մնան ու տանտիրոջ արթնանալու դեպքում կարողանան չեզոքացնել վերջինիս ձայնը, իրենց հետ նախապես վերցրած կպչուն ժապավենով կապել են քնած վիճակում գտնվող տանտիրոջ բերանը, որից հետո հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել այնտեղ առկա կանխիկ գումարը եւ դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա տղամարդուն եւ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: