Առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել երեխաների սննդակարգին տոների ժամանակ


Առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել երեխաների սննդակարգին տոների ժամանակ
Դեկտեմբեր 29 19:10 2019

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է տոնական օրերին հետևել երեխաների սննդակարգին: «Մասնագետների խոսքով` տոների ընթացքում ցանկալի է երեխայի սննդակարգը չփոխել: Նրանք ծնողներին խորհուրդ են տալիս պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը: Անշուշտ, դժվար է երեխային զրկել տոնական ուտեստներից, սակայն հյուրասիրության ժամանակ խնդիրներից խուսափելու համար պետք է զգույշ լինել «անծանոթ» սնունդ ընդունելու առումով:

Երեխաների  մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր, սակայն դրանք, ինչպես հայտնի է, այդքան էլ օգտակար չեն առողջության համար, այդ իսկ պատճառով պետք չէ թույլ տալ նրանց շատ լիմոնադ և այլ հյութեր խմել։

Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի երեխան ուրիշի տանը թարմ սնունդ ուտի։ Եթե երեխան պատրաստվում է միրգ ուտել, համոզվեք, որ այն մաքուր է։ Պետք է կրկնակի ուշադիր լինել փողոցում սնունդ գնելիս, հատկապես` թե որտեղ և ինչպես է պատրաստվել ուտելիքը, արդյոք աշխատակիցները ձեռնոց կամ էլ համապատասխան համազգեստ կրում են, արդյոք մաքուր է խոհանոցը, արդյոք  թարմ է այն։

Հիշեք` ինչքան վարակներ են անցնում չլվացված ձեռքերից: Երեխային պետք է սովորեցնել ձեռքերը լվանալ` պարտադիր ուտելուց առաջ և հետո: Ձեզ հետ վերցրեք թաց անձեռոցիկներ, որպեսզի ջուր չլինելու դեպքում երեխայի ձեռքերը չմնան անլվա»:



loading...