Վախենում եմ՝ Գրիգորիս արյան գնով ստեղծված կահույքը բռնագանձեն. քառօրյա պատերազմում զոհվածի մայրն օգնության կարիք ունի


Վախենում եմ՝ Գրիգորիս արյան գնով ստեղծված կահույքը բռնագանձեն. քառօրյա պատերազմում զոհվածի մայրն օգնության կարիք ունի
Դեկտեմբեր 14 22:50 2019

Քառօրյա պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ընտանիքը ֆինանսական օգնության կարիք ունի: Իր եւ ընտանիքի անդամների առողջական խնդիրները լուծելու համար բանկերից վերցրած վարկերի պատճառով Գրիգորի մայրը անելանելի դրության մեջ է հայտնվել, գրում է News.am-ը։

«Ավագ որդիս հիվանդ է, վիրահատվել է, աղջիկս առողջական խնդիրներ ունի, բուժման համար գումար է պետք,  պարտքեր եմ արել: Ես հատուկ փաթեթով զինվորական հոսպիտալում եմ բուժվում, բայց դեղորայքը իմ միջոցներով եմ գնում, փող է պետք: Վարկերի տոկոսներն այնքան բարձր են, որ Գրիգորիս թոշակով տոկոսներն եմ փակում, իմ 70 հազար դրամ աշխատավարձով ենք ապրում: Հիմա էլ տոկոսների փոխարեն ամբողջ գումարն են ուզում, վախենում եմ՝  Գրիգորիս արյան գնով ստեղծված կահույքը բռնագանձեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորի մայրը՝ Անահիտ Հարությունյանը:

Անահիտ Հարությունյանը դիմել է կառավարություն, պաշտպանության նախարարություն, սակայն ապարդյուն:

«Դիմում ենք, դիմումն ուղարկում են հոգաբարձուների խորհուրդ, այնտեղից էլ պատասխանում են՝ ինչ տվել ենք, դրանով բավարարվեք: Ամաչում ենք բարձրաձայնել  խնդիրների մասին, բայց վիճակն անելանելի է:  Չեմ կարողանում ապաքինվել: Ինձ պես էլի մայրեր կան, որ խնդիրներ ունեն, օգնություն չեն ստանում: Մի պետական մարմին արդեն 4 տարի է՝ մեր դուռը չի թակում, տեսնի՝ ոնց ենք ապրում: Քաղաքապետարանն այդ միլիոնանոց տոնածառը դրել է, դրա փոխարեն թող այդ գումարները այս ընտանիքներին տար, ոչ թե անտեսեին մեզ, հատկապես զոհված զինվորների ընտանիքներին»,- ասաց զոհվածի մայրը:

Գրիգորի կրտսեր եղբայրը այժմ ծառայում է բանակում: Նա եւ Գրիգորը փոքր են եղել, երբ հայրը մահացել է։ Չորս մանկահասակ երեխաներին մայրը միայնակ է մեծացրել, ապրել  են վարձով՝ քանդված պատերով, բետոնե հատակով տանը: Տուն են ստացել Գրիգորի զոհվելուց հետո, բարերարների օգնությամբ այն վերանորոգել  են։ Գրիգորը մինչեւ բանակ զորակոչվելը գիշերօթիկում է սովորել, որոշել է քոլեջում ուսումը շարունակել, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չի կարողացել։  Գրիգորը մանկուց սեփական տանիքի մասին է երազել, երազանքը, ցավոք, իրագործվել է իր կյանքի գնով։

19-ամյա Գրիգոր Հարությունյանն այն անհետ կորած տասնինը զինվորների թվում էր, որոնց մարմինները հայկական կողմը փոխանակման միջոցով էր ստացել հրադադարից հետո:



loading...