Մանրամասներ՝ Արմավիրի ողբերգական ավտովթարից. տեղում մահացածը նոր էր վերադարձել Ռուսաստանից, իսկ վիրավորներից 2-ը նրա հայրն ու եղբայրն են


Մանրամասներ՝ Արմավիրի ողբերգական ավտովթարից. տեղում մահացածը նոր էր վերադարձել Ռուսաստանից, իսկ վիրավորներից 2-ը նրա հայրն ու եղբայրն են
Դեկտեմբեր 14 19:32 2019

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բաղդասար Կիրակոսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է՝ երեկ դեկտեմբերի 13-ին, Նորապատ–Հայկավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ВАЗ 2107-ը վարել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ, 56-ամյա Պետրոս Խլղաթյանը, իսկ Volkswagen-ը վարել է Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բանկիչ, 44-ամյա Դավիթ Գրիգորյանը: Վթարի հետևանքով Պ. Խլղաթյանի ուղևոր, համագյուղացի, 29-ամյա Անդրանիկ Խլղաթյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդ Պ. Խլղաթյանն ու նրա մյուս ուղևոր, համագյուղացի, 20-ամյա Համազասպ Խլղաթյանն ու Volkswagen-ի վարորդ Դ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից 2 հոգին տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 07-ի վարորդն ու նրա ուղևորները հայր ու որդիներ են և մահացածը օրեր առաջ էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 13-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Նորապատ–Հայկավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել էին Volkswagen մակնիշի 36 FZ 917 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 PA 816 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն ժամանած Արմավիրի հիվանդանոցի բժիշկները տեղափոխել էին «Արմավիր» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Արմեն Խաչատրյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բաղդասար Կիրակոսյանը, ում որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

 



loading...