Քաղաքագետը ԼՂ կոնֆլիկտի հարցում առաջընթաց է նկատում իշխանության նոր մոտեցումների արդյունքում


Քաղաքագետը ԼՂ կոնֆլիկտի հարցում առաջընթաց է նկատում իշխանության նոր մոտեցումների արդյունքում
Դեկտեմբեր 14 14:11 2019

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Հայաստանի նոր իշխանության նոր տրամաբանության, մոտեցումների արդյունքում հայկական կողմը կարողանում է դիվանագիտական դաշտում հակահարվածներ տալ Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղևոնդյանը նման տեսակետ հայտնեց Երևանում դեկտեմբերի 14-ին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնությամբ կազմակերպված քաղաքական հավաքի ընթացքում, որին մասնակցում են հեղափոխության օրակարգը պաշտպանող քաղաքական, հասարակական միավորներ և անհատներ։

 

 

Ղևոնդյանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում նախկին իշխանությունների մոտեցումներն այնքան էլ ընդունելի չեն եղել: «Նոր իշխանությունը 1.5 տարի փոխել է տրամաբանությունը, և մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում արդեն իսկ ունենք որոշակի գործընթացներ, որոնք դեպի բանակցային դաշտ են ներս բերել կանխարգելիչ հարվածների տրամաբանություն: Դրա արդյունքում մենք այսօր Ադրբեջանին կարողանում ենք դիվանագիտական դաշտում հակահարվածներ տալ, չենք խոսում միայն խաղաղությունից, խոսում ենք նաև, օրինակ, նոր պատերազմ-նոր տարածքներ կոնցեպտից»,-ասաց Ղևոնդյանը:

 

Նրա կարծիքով՝ հեղափոխությունից, ԼՂ հակամարտության հարցում նոր տրամաբանությունից հետո Հայաստանի՝ դիրքերը զիջելու, հողեր տալու և այլ շահարկումներն անիմաստ են: Այնուամենայնիվ, քաղաքագետը շեշտեց՝ իշխանությունը չպետք է զոհ գնա այդ շահարկումներին և ոչ մի դեպքում չփոխի իր գործողությունների տրամաբանությունը: «Հեղափոխական փոփոխությունները, որոնք պարտադիր են բոլոր ոլորտներում, պարտադիր են նաև այս հարցում: Պարտադիր է Հայաստանի կոշտ քաղաքականությունը, պարտադիր է կարմիր գծեր քաշելը, որի մասին խոսեց մեր արտգործնախարարը: Պահանջելու ենք ՀՀ իշխանություններից, որպեսզի հակամարտության հարցում հետևողականությունը, հեղափոխական արժեքային տրամաբանությունը պահպանվեն, և Հայաստանում ներքին ժողովրդավարական փոփոխությունները և ավտորիտարիզմի մերժումը բերեն Ղարաբաղի հարցում մեր դիրքերի ամրապնդմանը»,-նշեց նա:

 

 

 

 

 

 



loading...