Արման Բաբաջանյանը հեղափոխության պաշտպանության կարիք է տեսնում


Արման Բաբաջանյանը հեղափոխության պաշտպանության կարիք է տեսնում
Դեկտեմբեր 14 13:46 2019

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ թավշյա հեղափոխությունը պատմական հնարավորություն է տվել կառուցելու ավելի լավ երկիր, սակայն նախկին իշխանության ներկայացուցիչներն այսօր փորձ են անում կանգնեցնել դրա ընթացքը: Բաբաջանյանը մտահոգված է նաև ներկայիս իշխանության կազմից ոմանց վարած քաղաքականությամբ:Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց Երևանում դեկտեմբերի 14-ին իր նախաձեռնությամբ հրավիրված քաղաքական հավաքին՝ հեղափոխության օրակարգը պաշտպանող քաղաքական, հասարակական միավորների և անհատների մասնակցությամբ։

 

 

«Միավորման գաղափարն ու անհրաժեշտությունը շատ պարզ է ու հստակ: 2018-ին թավշյա հեղափոխությունը մեզ բոլորիս պատմական հնարավորություն է տվել՝ կառուցելու ավելի լավ երկիր, ավելի ազատ ու ավելի ժողովրդավարական հասարակություն, կառուցելու մեր բոլորի երազած Հայաստանը: Սակայն այդ ճանապարհը հեշտ չէ, այն անցնում է բազմաթիվ խորխորատների ու մարտահրավերների միջով: Հեղափոխության, դրա անշրջելիության գաղափարն, ըստ էության, վտանգի է ենթարկվում ամեն օր: Վտանգը բխում է ակնհայտ ռևանշի օրակարգ ունեցող նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնց նպատակն ամեն գնով հեղափոխության ընթացքը կանգնեցնելն ու հին Հայաստանը վերադարձնելն է։ Հեղափոխությունը արգելակել է ժողովրդին հարստահարելու, երկիրը թալանելու նրանց հնարավորությունը, և նրանք ամեն ինչ անում են անցյալի այդ հոռի բարքերը վերակենդանացնելու համար»,-ասաց Բաբաջանյանը:

 

 

Պատգամավորի կարծիքով, սակայն, հեղափոխությանը սպառնացող վտանգները չեն սահմանափակվում միայն նախկին իշխանության ներկայացուցիչների նկրտումներով: Բաբաջանյանը կարծում է, հեղափոխությունը վտանգում են նաև հենց հեղափոխության, իշխանության որոշ ներկայացուցիչներ՝ իրենց ոչ պրոֆեսիոնալիզմով և ոչ կոմպետենտությամբ: Նրա կարծիքով՝ հեղափոխության սպառնալիք է ներկայացնում նաև պետական կառավարման համակարգը: «Դա նշանակում է, որ հեղափոխությունն ունի պաշտպանության կարիք՝ ինչպես այն վտանգող նախկին ռևանշիստներից, այնպես էլ իշխանության մաս կազմող շատ ու շատ անհատներից և համակարգերից»,-նշեց նա:

 

Բաբաջանյանը նշեց՝ իրենց խնդիրն է հեղափոխության ընթացքը շրջելու հնարավորությունը չեզոքացնելը: Նա վստահեցրեց՝ ինքը հեղափոխական չէ ու չի եղել, բայց և չի կարող չլինել Հայաստանին  տրված այս բացառիկ հնարավորության պաշտպաններից մեկը: «Ինձ համար հեղափոխությունը հենց այդ հնարավորություն է. ավելի լավ, ավելի ամուր, ավելի անվտանգ ու պաշտպանված Հայաստան երկիր ունենալու հնարավորությունը»,-ասաց պատգամավորն ու վստահություն հայտնեց, որ իր այդ համոզումը կիսում են հավաքին մասնակցող անձինք: