Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ԱՄՆ դեսպանը


Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ԱՄՆ դեսպանը
Դեկտեմբեր 13 22:24 2019

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը երկրում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդին կանչել է ԱԳՆ՝ ԱՄՆ Սենատի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ բացատրություն տալու: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը:

 

«Մեր նախարարություն է կանչվել ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը՝ 1915 թվականի դեպքերի վերաբերյալ բանաձևի պատճառով: Փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը նրան է փոխանցել այդ որոշմանը մեր արձագանքը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը: Բանաձևը պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած ցեղասպանության հարցում ժխտողականությունը:

 

Հիշեցնենք նաև, որ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի վերջին ընդունել էր Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ