Դատախազությունը՝ ինքնահրկիզման մտադրության մասին հայտնած քաղաքացու կողմից արված հայտարարությունների մասին


Դատախազությունը՝ ինքնահրկիզման մտադրության մասին հայտնած քաղաքացու կողմից արված հայտարարությունների մասին
Դեկտեմբեր 12 20:38 2019

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների լիարժեք բացահայտման նպատակով, քննությամբ ստուգվում են հնարավոր բոլոր վարկածները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` անդրադառնալով այսօր ՀՀ Կառավարության շենքի առջև ինքնահրկիզման մտադրության մասին հայտնած քաղաքացի Մայրանուշ Երանոսյանի կողմից արված հայտարարությանը։

«Երկրորդ՝ նախաքննության ընթացքում տուժողի՝ Հակոբ Երանոսյանի մայրը՝ Մ. Երանոսյանը և կինը` Ց. Բարսեղյանը, գրեթե միաժամանակ դիմել են տուժողի իրավահաջորդ ճանաչելու համար: Համապատասխան դատավարական գործընթացներն իրականացնելու նպատակով քննիչը կապ է հաստատել Մ. Երանոսյանի հետ, ով հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս է գալիս: ՍԷԿՏ համակարգի միջոցով պարզվել է, որ նա դուրս է եկել Հանրապետությունից: Նման պայմաններում հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համապատասխան դիմում ներկայացվել է նաև տուժողի կնոջ կողմից՝ որոշում է կայացվել վերջինիս տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին:

Երրորդ՝ հետագայում տիկին Երանոսյանի կողմից ներկայացվել են նույնաբովանդակ դիմումներ իրեն որպես տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ: Ինչպես այդ դիմումների պատասխաններում, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազությունում կայացած ընդունելության ժամանակ նրան պարզաբանվել է, որ այդ որոշումը վերացնելու օբյեկտիվ հիմքեր չկան: Միևնույն ժամանակ, պարզաբանվել է, որ եթե խնդիրը քրեական գործի նախաքննութան ընթացի մասին տեղեկացված լինելն է, ապա ցանկացած պահի համապատասխան դիմումի հիման վրա թույլատրելիի սահմաններում նրան կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվությունը: Իսկ գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ ունենալու դեպքում քննության ցանկացած փուլում կարող է դիմել վարույթն իրականացնող մարմնին որպես վկա իրեն կանչելու և հարցաքննելու խնդրանքով:

Այսինքն՝ ՀՀ դատախազությունը ոչ միայն պատշաճ կերպով պատասխանել է Մ. Երանոսյանի գրավոր դիմումներին, այլ նաև կազմակերպել է նրա ընդունելությունը ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ինչպես ընթացող նախաքննության, այնպես էլ նրա կողմից բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ մատչելի և հասկանալի կերպով անհրաժեշտ պարզաբանումները տալու նպատակով:

Սակայն, հաշվի առնելով նրա կողմից ներկայումս հարցեր բարձրացնելու հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստ է նրա բանավոր կամ գրավով կերպով արտահայտված ցանկության դեպքում կազմակերպել նրա ընդունելությունը քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից»,- նշել է նա:

 



loading...