Դատախազները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին Քոչարյանի վերաքննիչ բողոքը քննող դատավորին


Դատախազները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին Քոչարյանի վերաքննիչ բողոքը քննող դատավորին
Դեկտեմբեր 6 14:03 2019

Վերաքննիչ քրեական դատարանի նիստին Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին։ Միջնորդությանը միացավ նաև մեղադրական եզրակացությունը ստորագրած դատախազ Պետրոս Պետրոսյանը։

 

 

 
 
Реклама 32

Մասնավորապես, դատախազը հղում արեց 2019-ի մայիսի 21-ին Armlur.am կայքի մի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ «Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում եղել է Մխիթար Պապոյանը»։ Բաղդասարյանի խոսքով, այդ հանգամանքները բացառում են դատավորի մասնակցությունը տվյալ գործին։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները առարկեցին, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ դատախազի կողմից հիշատակված գործը որևէ կերպ չի առնչվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործին։

Փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ դատավորին ինքնաբացարկ հայտնելու իրավական հիմքերը բացակայում են։ Պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով, սա ոչ թե դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է, այլ՝ միջնորդություն՝ գործը փոխանցել դատավոր Արմեն Դանիելյանին։ «Դատավորի ինքնաբացարկի դեպքում կարող է վատ նախադեպ ստեղծվել և եթե դատավարության կողմերից որևէ մեկին ձեռնտու չէ դատավորը, ապա կարող են նրա վերաբերյալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածել ու այդպիսով դատավոր չի մնա, ով գործ կքննի», - նշեց  Ալումյանը։

Իր հերթին պաշտպան Ռուբեն Սահակյանը նշեց, որ դատական համակարգի շուրջ ստեղծված մթնոլորտն այնպիսին է, որ դատավորների մեծ մասն այսօր խուսափում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց։ Միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին։

Վերաքննիչ քրեական դատարանը պետք է քննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը: