Հայաստանում դպրոցականները նույնպես իրազեկվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին. Եվա Մովսեսյան


Հայաստանում դպրոցականները նույնպես իրազեկվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին. Եվա Մովսեսյան
Դեկտեմբեր 6 13:51 2019

2008 թվականից «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակներում բոլոր դպրոցականները իրազեկվում են նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին, ինչի նպատակը դեռահասների մոտ պատասխանատու վարքագիծ ձևավորելն է: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի աշխատակից, երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ծրագրերի համակարգող Եվա Մովսեսյանը, ով մասնակցել է նաև «Առողջ ապրելակերպ» ձեռնարկի վերանայման փուլին։

«8-9-րդ դասարանում երեխաները անցնում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցման ուղիների մասին, իսկ 10-11-րդ դասարաններում սովորում են իրավունքների մասին, ոչ խտրական վերաբերմունքի մասին, և այն մասին, որ ՄԻԱՎ-ով վարակված մարդուն ոչ թե պետք է խոցել, այլ աջակցել»,- պատմեց Եվա Մովսեսյանը:

Սակայն, չնայած այս դասընթացին, Հայաստանում դեռահասների մոտ կա իրազեկվածության խնդիր։

«Մենք դեռ չունենք դրական արդյունքներ այն իմաստով, որ մեր ինստիտուտի կողմից 4 տարին 1 անգամ իրականացվում է դպրոցական երեխաների առողջության վարքագծին վերաբերող հետազոտություն, որի շրջանակներում ընդգրկվել են հարցեր ՄԻԱՎ-ի փոխանցման և կանխարգելման ուղիների վերաբերյալ, և պետք է ասեմ, որ դեռահասների շուրջ կեսը դեռ տեղեկացված չէ: Քանի որ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, հույս ունեմ, որ հաջորդ հետազոտության ժամանակ կունենանք ավելի դրական արդյունքներ»,- նշեց նա:

Դեռահասների և երիտասարդների շրջանում գրագետ ինֆորմացիա (այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ) տարածելու նպատակով Արաբկիր բժշկական կենտրոնի մասնագետները ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ ստեղծել են հատուկ կայք դեռահասների համար՝ teenslife.am-ը։ Եվա Մովսեսյանի խոսքով՝ այդ կայքում դեռահասները կարող են կարդալ թեմատիկ հոդվածներ, ինչպես նաև հարցեր ուղղել բժիշկներին և հոգեբաններին:

med.news.am