Այման Ալ Սաֆադին Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը


Այման Ալ Սաֆադին Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը
Դեկտեմբեր 2 19:21 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է Հորդանանի ԱԳ նախարարի այցը Հայաստան և նշել, որ այն նոր ազդակ, էներգիա կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև առկա պատմական հարաբերությունների փաստը և հավելել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Հորդանանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ: Վարչապետն առանձնակի կարևորել է տնտեսական կապերի խորացումն ու առանձին ճյուղերում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության բնագավառներում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը:

Այման Ալ Սաֆադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ իր երկիրը ևս կարևորում է Հայաստանի հետ բազմոլորտ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարը վստահություն է հայտնել, որ Հայաստանում ունեցած արդյունավետ հանդիպումների արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի:

Փոխգործակցության խթանման համատեքստում զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, փոխշահավետ հարցերի առարկայական քննարկումը:

Նիկոլ Փաշինյանը և Այման Ալ Սաֆադին անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող թեմաների, կարևորել կայունության ու անվտանգության ապահովումը, հակամարտությունների խաղաղ կարգավորումը:   

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հորդանանի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար: Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ԼՂ հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելը և տարբեր միջազգային հարթակներում այն այդ համատեքստում ներկայացնելը:

Համաձայնելով վարչապետի դիտարկման հետ՝ Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարը կարևորել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով: