Նախաքննական մարմինը նպաստավոր պայմաններ է ստեղծել նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր համար. Pastinfo.am


Նախաքննական մարմինը նպաստավոր պայմաններ է ստեղծել նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր համար. Pastinfo.am
Դեկտեմբեր 2 17:39 2019

Վարդավառ խաղացող երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու  դեպքի առթիվ կատարված քննությամբ   ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական չի տրվել, ավելին՝ միջադեպի ոչ բոլոր մասնակիցներն են ներգրավվել քրեական գործով, որի արդյունքում ավելի մեղմ հոդվածով է քրեական գործն ուղարկվել դատարան։  «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց տուժող կողմի ներկայացուցիչ Նիկոլայ Գրիգորյանը՝ նշելով, որ Կարեն Գասպարյանին մեղադրանք պետք է առաջադրվեր ոչ թե միայն մեկ, այլեւս եւս երկու հոդվածով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի հուլիսի 8-ին՝ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում «Վարդավառի» տոնակատարությունը վերածվել էր բռնության. աղջիկ երեխաներից մեկն առանց գիտակցելու  ժողովրդական տոնակատարությանը մասնակից էր դարձրել նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբորը՝ Կարեն Գասպարյանին, ջրի տարայով ջրելով նրա ավտոմեքենան։ Վերջինս, բարկանալով, իջել էր մեքենայից ու բռնություն գործադրել անչափահաս աղջկա նկատմամբ՝ նրան անվանելով «լակոտ, անդաստիարակ»։ Ապա՝ ոստիկանության ծառայողը բռնել էր աղջկա պարանոցից և սեղմել դեպի գետին՝ փորձելով գլուխը մտցնել առվի մեջ։

Կարեն Գասպարյանի վերոնշյալ գործողությունները նկատել է երեխայի հայրը ու միջամտել։ Արդյունքում տոնակատարությունը վերածվել է լուրջ միջադեպի՝ նախկին ոստիկանապետի եղբայրը հայհոյել է  անչափահասի հորը, բռնություն գործադրել նաեւ նրա նկատմամբ։ Ներկաների միջամտությամբ վեճն ավարտվել է, բայց հետո շարունակվել նախկին ոստիկանապետի եղբոր ամառանոցում։ Կարեն Գասպարյանն անչափահասի հորը նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում հրավիրել է Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց՝ իբր հարցը պարզաբանելու, հարթելու համար։ անչափահասի հայրն ամառանոց է գնացել տարեց հարեւանի, եղբոր որդու հետ, որտեղ նրանց դիմավորել է Կարեն Գասպարյանի որդին՝ Սերգեյ Գասպարյանը եւ ուղեկցել ներս։ Սակայն այստեղ արդեն իրադարձություններն այլ կերպ են զարգացել՝ վերջինիս ընկերների, ամառանոցի պահակի, հարևանի ներկայությամբ Կարեն Գասպարյանը անչափահասի հորից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հակադրվելու համար՝ ընդգծելով, որ ինքը դրանից բավականություն է ստանում։

Անչափահասի հայրը, Կարեն Գասպարյանի և նրա բազմաքանակ կողմնակիցների կողմից հնարավոր բռնության չենթարկվելու, եղբոր որդու կյանքի համար մտահոգվելով, ենթարկվել է Կարեն Գասպարյանի նվաստացնող պահանջին և ծնկի գալով ներողություն խնդրել նրանից։

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել միայն  Կարեն Գասպարյանին՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով, այն դեպքում, երբ այդ ամենին անմիջական մասնակցություն է ունեցել Կարեն Գասպարյանի որդին՝ Սերգեյ Գասպարյանը, ով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող է և ինքն է կանչել Ավետիք Սարգսյանին իրենց ամառանոց, դիմավորել եւ ուղեկցել ներս, որտեղ էլ Կարեն Գասպարյանը Ավետիք Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել, սպառնալով՝ հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող զենքով սպանել նրան։ Ի դեպ Սերգեյ Գասպարյանը ոչ միայն ականատես է եղել այս ամենին, այլև փակել ամառանոցի դարպասի դուռը՝ այսկերպ փաստացի զրկելով նրանց ազատությունից, ինչպես նաև հարվածել է Ավետիք Սարգսյանին։ Սակայն ՀՔԾ-ն  հանցակազմի բացակայության հիմքով Սերգեյ Գասպարյանի մասով գործը  կարճել է ։ Փաստաբանի գնահատմամբ սա զարմանալի է՝ «Ինչպես կարող է Երևան քաղաքի վարչության ծառայողը պատշաճ կատարել իր պարտականությունները, եթե նա ուղղակի կազմակերպված ձևով տարբեր տեսակի սպառնալիքներ է հնչեցնում անձի նկատմամբ, հավաքված անձանց հետ միասին,  փոխլրացնելով միմյանց գործողությունները մարդուն հասցնում այն վիճակին, որ նա  ծնկի  է գալիս և ներողություն  խնդրում»,-նշեց փաստաբանը։

Ասել է, թե՝ տվյալ պարագայում՝ խոսքը գնում է ոչ թե սոսկ խուլիգանական արարքի, այլ անձին պատճառված ֆիզիկական եւ հոգեկան տառապանքի մասին, որի պայմաններում Ա.Սարգսյանը մտահոգված լինելով նաեւ  իր եղբոր երիտասարդ որդու ճակատագրով, կատարել է Գասպարյանների կամքը։

Փաստաբանը նկատեց՝ այս գործն արհեստականորեն ջարդել են՝ ի նպաստ Կարեն Գասպարյանի։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ  ՀՔԾ-ն Սերգեյ Գասպարյանի մասով գործը քննել ու կարճել է անգամ առանց նրան քննելու, գոնե մեկ անգամ հարցաքննելու։  «Դա կոպիտ խախտում է։ Մարդուն, երբ մի բանում մեղադրում են, պետք է հարցաքննվի, լսեն՝ ինչ է ասում, ինչպե՞ս է առանց այդ մարդու հարցաքննվելու գործը կարճվում»,-նշեց փաստաբանը։

Նշենք, որ տուժողի ներկայացուցիչը քննիչի որոշման դեմ բողոք էր ներկայացրել դատարան, որը այն մերժել է, սակայն առ այսօր որոշումը չի տրամադրվել կողմին, թեեւ որոշումի հրապարակումից անցել է ավելի քան մեկ ամիս։  «Հավանաբար մտածում են կմոռանանք, բայց ոչ։ Հետևողական ենք լինելու և հենց որոշումն ուղարկեն բողոքարկելու ենք մինչև Վճռաբեկ դատարան։ Պետք լինի՝ ՄԻԵԴ էլ կդիմենք, դրանից ավելի խախտում չի լինում։ Ի՞նչ է նշանակում մարդուն չներգրավելով՝ գործը կարճել»,-հավելեց Նիկոլայ Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ոչ միայն Կարեն Գասպարյանին  պետք է մեղադրանք առաջադրվի, այլև նրա որդուն, քանի որ փաստացի խմբի կազմով են Ավետիք Սարգսյանին և նրա հետ եկած անձանց զրկել ազատությունից։

 Կեղծել է իրականությունը

Բացի այն, որ նախաքննական մարմինը լիարժեք իրավական գնահատական չի տվել փաստական հանգամանքներին, նաեւ քրեական գործով ներգրավված միակ մեղադրյալի՝ Կարեն Գասպարյանի ցուցմունքները հակասում են ձեռք բերված ապացույցներին, վկաների ցուցմունքներին։  Մասնավորապես Կարեն Գասպարյանն իր ցուցմունքում նշել է, թե Ավետիք Սարգսյանի բակում  փոխադարձ հայհոյանքների ժամանակ իրեն է մոտեցել մի տղամարդ ու ասել՝ «Գասպարյան ջան քեզ էլ ենք ճանաչում, իրանց էլ, իրանք շառ են, գնա»։ Մինչդեռ՝ Կարեն Գասպարյանի մատնանշած տղամարդը հերքել է իրեն վերագրվող արտահայտությունները։ Պարզվում է վերջինիս ցուցմունքում հիշատակված անձն  աշխատում է որպես առաքիչ և նախքան միջադեպը չի ճանաչել ո՛չ տուժող կողմի ընտանիքին, ո՛չ էլ Կարեն Գասպարյանին, հետևաբար չէր կարող նմանատիպ արտահայտություն անել։ Փոխարենն այդ տղամարդը Կարեն Գասպարյանին մոտեցրել է  իր մեքենային և ասել. «Այ ախպեր ամոթա, սաղիս էլ էսօր ջրում են, էսօր էտ օրնա չարժի դրա համար կռիվ անել»։

Նիկոլայ Գրիգորյանը նաև նշում է, որ Կարեն Գասպարյանը ճանաչում է տուժող Ավետիք Սարգսյանի եղբորը՝ Արսեն Սարգսյանին, քանի որ վերջինս նույնպես աշխատում է ոստիկանական համակարգում։ Ըստ Կարեն Գասպարյանի՝ միջադեպից հետո նա զանգահարել է Արսենին, պատմել եղելությունը, ով էլ, իբր, ասել է՝ կրակն է ընկել եղբոր ձեռքը, բոլորին հայհոյում է։ Մինչդեռ Արսեն Սարգսյանը պնդում է հակառակը՝ նման բան չի ասել և չէր էլ կարող նման կերպ արտահայտվել իր եղբոր մասին. «Հատկանշականն այն է, որ առերեսում է եղել Արսեն Սարգսյանի և Կարեն Գասպարյանի միջև, որի ժամանակ Արսենը հայտարարել է Կարենին հակասող ցուցմունք, այսինքն՝ օբյեկտիվորեն ասել է այն, ինչ եղել է։  Ի դեպ, նշենք, որ առերես հարցաքննությունից օրեր անց Արսենին աշխատանքից ազատել են՝ առանց որևէ պատճառաբանության։ Արսեն Սարգսյանը եղել է ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի պետ, սակայն Կարեն Գասպարյանի հետ առերես հարցաքննվելուց հետո նրան աշխատանքից հեռացրել են և հորդորել՝ չբողոքել»,-նշեց փաստաբանը։

«Փաստինֆո»-ն կշարունակի հետեւել այս գործի զարգացմանը։

Տեսանյութը՝ դեպքի վայրից

 



loading...