Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Պռոշյան գյուղի դաշտում հայտնաբերվել է դեմքն ամբողջովին բզկտված տղամարդու դի


Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Պռոշյան գյուղի դաշտում հայտնաբերվել է դեմքն ամբողջովին բզկտված տղամարդու դի
Դեկտեմբեր 2 14:53 2019

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու դի կա, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Գրիգորյանը:

Ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված վայրում՝ դաշտի մեջ, հայտնաբերել են 55-60 տարեկան տղամարդու դի՝ դեմքն ամբողջովին բզկտված: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Քոլոյանի գլխավորությամբ:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդու մահան պատճառը հանկարծամահությունն է եղել: Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար: