Դեմ եմ, որ քաղաքապետը առերես հարցադրումներից երկրորդ անգամ թաքնվի խոսնակի թիկունքում. Դավիթ Խաժակյանը՝ ուղիղ եթերում բանավեճի մասին


Դեմ եմ, որ քաղաքապետը առերես հարցադրումներից երկրորդ անգամ թաքնվի խոսնակի թիկունքում. Դավիթ Խաժակյանը՝ ուղիղ եթերում բանավեճի մասին
Դեկտեմբեր 2 14:14 2019

Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը սոցցանցի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ բազմաթիվ ԶԼՄ-ներ պատրաստակամություն են հայտնել ուղիղ եթերով հեռարձակել իր և քաղաքապետ Հայկ Մարությանի բանավեճը:

«Հարգելի ընկերներ,

բազմաթիվ լրատվամիջոցներ պատրաստակամություն են հայտնել տրամադրելու բանավեճի ուղիղ եթեր, ինչի համար շնորհակալ եմ։
Հրավեր եմ ստացել նաև Պետրոս Ղազարյանից Հանրայինի եթերում բանավիճելու, սակայն քաղաքապետի խոսնակի հետ։

Հարկ եմ համարում նշել, որ քաղաքապետարանում որևէ այլ պաշտոնատար անձ ի պաշտոնե չի կարող պատասխանել այն հարցադրումներին, որոնք հնչեցվել են, առավել ևս մամլո խոսնակը, ով որևէ փաստաթղթի տակ ստորագրելու իրավասություն չունի։ Դեմ չեմ, որ դա լինի Հանրայինի եթերում, բայց դեմ եմ, որ քաղաքապետը առերես հարցադրումներից երկրորդ անգամ թաքնվի խոսնակի թիկունքում։

Սպասում եմ քաղաքապետի հաստատմանը, որպեսզի կարողանանք քննարկել ֆորմատի մանրամասները»,- գրել է նա: