Այդ ինչպե՞ս է եղել, որ քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ները հենց քաղաքի հետ կապված գործ ունեցողներն են նվիրել․ Էդմոն Մարուքյան

Այդ ինչպե՞ս է եղել, որ քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ները հենց քաղաքի հետ կապված գործ ունեցողներն են նվիրել․ Էդմոն Մարուքյան
Դեկտեմբեր 2 14:01 2019

Քննիչ հանձնաժողով է ստեղծելու քաղաքապետարանից արտոնություններ տալու և դրանց դիմաց որոշակի գույք ստանալու կոռուպցիոն ռիսկերի, շինթույլտվությունների ուսումնասիրությունների համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Մեզ մոտ արդեն սկսել ենք ստորագրություններ հավաքելը, հետո կդիմենք ԲՀԿ-ին»,- ասաց նա և նշեց, որ մոտ 37 ստորագրություն է անհրաժեշտ։ Իր կարծիքով՝ ԲՀԿ-ի միանալու դեպքում որևէ խնդիր չի լինի, նա նաև նշեց, որ հնարավոր է՝ «Իմ քայլը» խմբակցությունից էլ միանան։

Հարցին, թե ըստ Մարուքյանի, Հայկ Մարությանը կընդո՞ւնի Դավիթ Խաժակյանի՝ ուղիղ եթերի հրավերը, պատգամավորը պատասխանեց, որ քաղաքապետը չմասնակցելու պատճառ չունի․ «Նրանք ասում են՝ ամեն ինչ նորմալ է, կոռուպցիա չկա, սա մանիպուլյացիա է, սուտ է։ Կարելի է դա ուղիղ եթերով քաղաքակիրթ, ժողովրդավարական մշակույթին հարիր բանավեճի վերածել, և բանավեճում, ով չկարողանա իր խոսքերն ապացուցել, նա պարտված կհամարվի»,- ասաց նա։

«Այդ ինչպե՞ս է եղել, որ նվերները հենց նրանք են տվել, ովքեր քաղաքի հետ կապված գործ են ունեցել։ Չկա որևէ երրորդ անձ, ով մի բան նվիրաբեր և տարածք, շինթույլտվություն, արտոնություն չստանար։ Կասկածներ կան և այդ կասկածները փարատելու համար լավ կլինի՝ պարոն Մարությանը ուղիղ եթերին գնա և իր ճշմարտացիությունն ապացուցի»,-  ասաց նա։

Tert.am

loading...