Երևանում շենքի մի քանի հարկերում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ բնակարանում՝ ոստիկանության ծառայողի համազգեստ


Երևանում շենքի մի քանի հարկերում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ բնակարանում՝ ոստիկանության ծառայողի համազգեստ
Դեկտեմբեր 1 23:20 2019

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shanshyan.com-ը հայտնում է, որ ժամը 16:40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար 17 շենքի 1-ին հարկից մինչև 4-րդ հարկ, աստիճաններին և պատերին արնանման հետքեր կան։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները նշված շենքի մի քանի հարկերում և 10-րդ բնակարանում հայտնաբերել են արնանման հետքեր, ջարդված, կոտրված սեղան ու աթոռ, իսկ տան որոշ հատվածներ տակնուվրա արված էին:

Մի քաղաքացի, որը, ըստ հարևանների գինովցած էր, ձեռքերի մատները բինտով կապված, փորձում էր դիմել փախուստի, սակայն ոստիկանները կարողացան նրան բռնել և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին: Բնակարանում հայտնաբերվել է նաև ոստիկանության աշխատակցի համազգեստ, զենքի համար օգտագործվող պատյան:

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը և քրեագետը: Ոստիկանությունը պարզում է նաև, արդյոք նշված բնակարանից հիվանդանոցային ահազանգեր եղել են, թե՝ ոչ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հարևաններն ասել են նաև, որ նշված բնակարանը վարձով է տրված և այնտեղից միշտ վիճաբանության ու հայհոյանքի ձայներ են լսվել: