Ֆեյսբուքից ջնջված Լուլուն ԱԺ-ում «փոթորիկ» է անում. վա՞ղն էլ Արսեն Թորոսյանի հետ «բոյ» կմտնի


Ֆեյսբուքից ջնջված Լուլուն ԱԺ-ում «փոթորիկ» է անում. վա՞ղն էլ Արսեն Թորոսյանի հետ «բոյ» կմտնի
Նոյեմբեր 28 22:02 2019

Այսօր Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անցավ հերթական աղմկալի միջադեպով: Բանն այն էր, որ քննարկվում էր «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Նախատեսվող փոփոխություններից մեկով՝ դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկության տարածումը ԶԼՄ-ներով արգելվում է, բացառությամբ՝ պետական ծրագրի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին հանրային իրազեկում իրականացնելը:

Այստեղ պատգամավորները լուրջ խնդիրներ և կոռուպցիոն ռիսկեր են տեսնում:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը քննարկման ժամանակ ասաց, որ ինքը նախագծին դեմ է քվեարկելու, քանի որ այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում:

Ասվածին ի պատասխան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վրդովված ասաց, որ Քրիստինե Պողոսյանն իրենց մեղադրում է կոռուպցիայի մեջ՝ հենարանը լինելու փոխարեն, և սա քաղաքական լուրջ հետևանք է ունենալու:

Կրքերն էլ ավելի թեժացավ, երբ լեզվակռվին խառնվեց Լուլուն՝ Լուսինե Բադալյանը: Նա ոչ ավել եւ ոչ պակաս հայտարարեց, որ իշխող խմբակցությունը չի կարող լինել կառավարության հենարանը, այդպես եղել է տարիներ առաջ, մենք դա մերժել ենք, իշխող խմբակցությունը․․․  «Այո, մերժում ենք կլասիկ քաղաքականություններ, որովհետև պառլամենտը ժողովրդի ներկայացուցիչն է և ոչ թե իշխանության։ Մեզանից յուրաքանչյուրն ընտվել է ժողովրդի կողմից և իր ներկայացուցիչն է, ոչ թե կառավարության։ Սա խնդրում եմ հստակ ֆիքսեք»։

Այսօր տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ առողջապահական խորհրդարանական թեւն այլեւս չի հանդուրժում Արսեն Թորոսյանին, որը քիչ թե շատ գործ է անում եւ ռեյտինգ ունի: Տեղեկություններ կան, որ ԱԺ-ում կա ձեւավորված խումբ՝ Արարատ Միրզոյանի հովանավորչությամբ, որը գործում է Արսեն Թորոսյանի դեմ: Պատճառն այն է, որ Արսեն Թորոսյանի հետ խնդիրներ ունի նաեւ ոլորտային հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, որը մտերմիկ հարաբերությունների մեջ Արարատ Միրզոյանի հետ: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ArmDay.am-ի հետ զրույցում չկիսեցին այն տեղեկությունները, որ ԱԺ-ում կա պատգամավորների խումբ, որոնք գործում են Արսեն Թորոսյանի դեմ:

Սակայն, դիտարկենք մի փաստ եւս. սա առաջին դեպքը չէ, երբ Արսեն Թորոսյանի ներկայացրած նախագծերը մի անգամից մերժվում են եւ դառնում աղմկոտ քննարկումների թեմա: Նախորդ անգամ էլ հակածխախոտային օրենքի նախագիծը աղմուկի պատճառ դարձավ, իսկ առաջնադիրքում Արսեն Թորոսյանի դեմ կռիվ էր տալիս կրկին Լուլուն: 

Վաղը կրկին ԱԺ-ում էլի թեժ է լինելու, քանի որ հերթական անգամ քննարկվելու է ծխախոտի դեմ պայքարի նախագիծը: Չի բացառվում, որ պատգամավորները կրկին ցույց տան իրենց «հանդուրժողականությունը» Արսեն Թորոսյանի նկատմամբ: