Արտակարգ դեպք Արթիկի գաղութում. 19-ամյա կալանավորը սպառնացել է ինքնասպան լինել, եթե մարզի դատախազին ու իր փաստաբանին չհրավիրեն գաղութ


Արտակարգ դեպք Արթիկի գաղութում. 19-ամյա կալանավորը սպառնացել է ինքնասպան լինել, եթե մարզի դատախազին ու իր փաստաբանին չհրավիրեն գաղութ
Նոյեմբեր 22 00:09 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 19-ին նշված քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Այդ օրը, ժամը 18։30-ի սահմաններում նշված գաղութի բնակելի տեղամասի պատժախցային և կարանտինային բաժանմունքի խցերից մեկում պահվող կալանավորված անձը, ով Գյումրի քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Մհեր Կ-ն է, սավանը պատռելու միջոցով պատրաստել է պարան, մի ծայրն ամրացրել է պատուհանի ճաղավանդակին և փաթաթել պարանոցին, այդ կերպ պահանջել է, որ գաղութ հրավիրեն Շիրակի մարզի դատախազին և իր փաստաբանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մհեր Կ-ն սպառնացել է, որ եթե իր պահանջը չկատարվի, կախվելու միջոցով ինքնասպանություն կգործի։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բարեբախտաբար, օրվա պատասխանատու հերթապահի կողմից տարվել են հոգեբանական ճիշտ, բացատրական աշխատանքներ և օրվա պատասխանատուն, արագ մտնելով խուց, կանխել է Մհեր Կ-ի ինքնասպանության փորձը, որից հետո նրան ցուցաբերվել է բուժօգնություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մհեր Կ-ն նախկինում 1 անգամ եղել է դատապարտված, իսկ այժմ մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 171 հոդվածի 3-րդ մասի, 177 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով և այս տարվա հոկտեմբերի 2-ից համարվում է նրա կալանքի սկիզբը։