«Պարոն վարչապետ, մի՛ խայտառակեք Ռեսպուբլիկան». Միհրան Հակոբյան


«Պարոն վարչապետ, մի՛ խայտառակեք Ռեսպուբլիկան». Միհրան Հակոբյան
Նոյեմբեր 20 00:27 2019

Հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել`անդրադառնալով վարչապետի՝ ռուս լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրած մտքին առ այն, որ Գարեգին Նժդեհը և Հովհաննես Բաղրամյանը միասին կռվել են թուրքերի դեմ: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մեծարգո պարոն վարչապետ, մի խայտառակեք Ռեսպուբլիկան

Ժողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել (ի դեպ ցավալի է, որ երկրի հպարտ վարչապետին կողքից են հուշում Բաղրամյանի կրկնակի հերոս լինելու փաստը): Ժողովրդի վարչապետը կարծում է, որ Գարեգին Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին է մասնակցել, առավել ևս՝ Բաղրամյանի հետ միասին։ Ժողովրդի վարչապետը երբևէ չի լսել, որ մեր պատմության մեջ առաջին անգամ Գարեգին Նժդեհը աչքի է ընկել դեռևս 1912թ.-ին, երբ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության բուլղարական բանակի կողքին Անդրանիկի հետ միասին ղեկավարում էր հայկական կամավորական վաշտը, իսկ հետո Առաջին Աշխարհամարտին էր մասնակցում՝ որպես հայկական կամավորական երկրորդ գնդի հրամանատարի տեղակալ: Ժողովրդի վարչապետը զարմանում է, թե ինչու՞ 1939թ.-ի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը Ռուսաստանում չի քննադատվում, մինչդեռ այս պակտը քննադատվել է դեռևս 1989թ.-ի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների դեկտեմբերի 24-ի համագումարում՝ համար 979-1 «1939թ.-ի չհարձակման մասին սովետա-գերմանական պայմանագրի քաղաքական և իրավական գնահատականի մասին» որոշումով։

Հ.Գ. Պարոն վարչապետ, մի խոսեք այս թեմաներից, ամոթ է։ Մեր և Ռուսաստանի մասով պատմագիտության բռնաբարությունը լրիվ բավարար է։ Ի սեր Աստծո, հանկարծ չխոսեք 1938թ.-ի Մյունխենյան գործարքից։ Դուք մեզ և ռուսաստանցիներին ձեր պատմագիտական գիտելիքներով արդեն շշմեցրել ու զվարճացրել եք, նույնը մի արեք Արևմուտքի մասով»։