Ինչ փուլում է Գորիսի քաղաքապետի հետ կապված գործը


Ինչ փուլում է Գորիսի քաղաքապետի հետ կապված գործը
Նոյեմբեր 19 23:11 2019

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը դեռ չի հարցաքննվել: Այս մասին Debat.am-ին փոխանցեցին ՔԿ լրատվականից: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նրա շուրջ նոր աղմուկ է հասունանում: 2019 թվականի հունիսի 6-ին ոստիկանությունը համայնքային գույքը խաբեությամբ հափշտակելու դեպք էր բացահայտել:

ՔԿ լրատվականից մեզ նաեւ փոխանցեցին, որ գործի շրջանակներում որեւէ մեկը բացատրության կամ հարցաքննության չի հրավիրվել: Գործը նախաքննության փուլում է:

Խնդիրը կայանում է նրանում, որ Խնձորեսկի մի բնակիչ դիմել է համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն խանութի եւ բաղնիքի շենքերի նկատմամբ իր իրավունքները վերականգնելու խնդրանքով՝ հայտնելով, թե շենքերն, իբր, ինքն է կառուցել, բայց դրանց փաստաթղթերը չի պահպանել:

Նախաքննությունը պարզել է, որ խնձորեսկցու դիմումը բավարարել են առանց համապատասխան փաստաթղթերի: Կադաստրի Սյունիքի մարզային բաժնում նա ստացել է սեփականության իրավունքի վկայականներ ու խաբեությամբ հափշտակել 4,250,000 դրամ արժողությամբ խանութի եւ բաղնիքի շենքերը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս քրգործով է անցնում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Հենց նա է խնձորեսկցու դիմումը ստորագրել, եւ հիմա իրավապահները նրա ստորագրությունը ուղարկել են փորձաքննության, եզրակացությունից հետո պարզ կդառնա կարգավիճակը՝ մեղադրյալ է, թե ոչ»: