Չկա ավելի լավ տղա, քան առաջնագծում կանգնած զինվորը. պատգամավորը՝ քրեական ենթամշակույթի օրենքի մասին


Չկա ավելի լավ տղա, քան առաջնագծում կանգնած զինվորը. պատգամավորը՝ քրեական ենթամշակույթի օրենքի մասին
Նոյեմբեր 19 17:45 2019

 ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի», վերաբերյալ օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն իր ելույթում նշեց, որ ավելի լավ տղաներ չկան, քան առաջնագծում կանգնած զինվորները, մշակույթի ու գիտության գործիչները:

 

 

«Նախորդ տարվա թավշյա հեղափոխությունն իմ երազած հեղափոխության մեկնարկն էր: Նախորդ տարվա թավշյա հեղափոխությունը հող նախապատրաստեց տնտեսական հեղափոխության, մշակութային հեղափոխության, արժեքների հեղափոխության համար: Սույն օրենքի նախագիծը ես դիտարկում եմ արժեքների, արժեհամակարգերի հեղափոխության համատեքստում: Անկեղծ ասած, երբեք չէի կարող մտածել, որ Ազգային ժողովում որևէ պատգամավոր կգտնվի, որ կկարծի, որ, օրինակ՝ մեր երկրում ավելի լավ տղա կարող է լինել, քան, օրինակ՝ Ռոբերտ Աբաջյանը, որ ավելի լավ տղա կարելի է գտնել, քան Արթուր Ալեքսանյանը և Հենրիխ Մխիթարյանը, որ ավելի լավ տղաներ կարող են լինել, քան այն երիտասարդ գիտնականները, որոնք արժեք են ստեղծում ոչ միայն մեր պետության, այլ նաև միջազգային գիտական շրջանակների համար: Երբեք մտքովս չէր անցնի, որ կարելի է ավելի լավ տղա համարել նրանց, քան, օրինակ՝ Չեքիջյանին և Մանսուրյանին: Կարծում եմ, որ նախորդ տարվա փոփոխությունները մեզ հնարավորություն են տալիս էլ ավելի մեծ ազդեցություն ունենալ մշակութային հեղափոխություն, արժեքային հեղափոխություն իրականացնելու այս համատեքստում: Նախադպրոցական տարիքից երեխան այս ամբիոնից միայն դա պիտի լսի, որպես լավ տղաներ, որպես հերոսներ և հեղինակություն են այն մարդիկ, որոնց ես մասամբ նշեցի, մարդիկ, որոնք մեծ ներդրում են ունեցել մշակութային, կրթական, գիտական կյանքում, մարդիկ, որոնք այսօր կանգնած են առաջնագծում, ոստիկաններ, որոնք ծառայում են պետությանը և օրենքին: Եվ այս երկխոսությունը պետք է խորհրդարանն ունենա հասարակության հետ»,- ասաց Հայրապետյանը:

 

ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:

 

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

 

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

 

1) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,

 

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

 

3) զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,

 

4) անչափահասի ներգրավմամբ,

 

5) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից՝

 

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

 

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի  նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը:

 

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող է համարվում այն անձը, ով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման  կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն` համարվում է հեղինակություն և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ, ինչպես նաև կազմակերպում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման  հավաքներ կամ մասնակցում է դրանց կամ կազմակերպում կամ իրականացնում է դրամական միջոցների հավաքագրում (այդ թվում նաև մոլախաղերի միջոցով) կամ տնօրինում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման  միջոցով ստացված անօրինական օգուտը կամ կատարում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման  կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ:

 

 



loading...