ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է անշարժ գույքի վերաբերյալ օրինագիծը


ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է անշարժ գույքի վերաբերյալ օրինագիծը
Նոյեմբեր 19 17:36 2019

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը, որը նպատակ ունի պարզեցնել ընթացակարգերը, հող և գույք կամ շինություն հասկացությունները միացնել և որպես մեկ՝ ամբողջական գույքի  մասով հարկում իրականացնել, ունենալ շուկայականին մոտ կադաստրային գնահատման համակարգ և այլն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագծով նախատեսվում է նաև ունենալ անշարժ գույքի հարկման տարբերակված մոտեցում և ավելացնել հարկային մուտքերը, որոնք կստացվեն հատկապես բարձրարժեք գույքերի  կադաստրային գնահատման արդյունքում:

 

 

Օրինագծով նախատեսված է.

 

1) գույքային հարկերի՝ որպես սեփականությունից գանձվող հարկերի հարկման հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքների ամրապնդում, հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց նվազ ապահովված հարկ վճարողների հարկային բեռի ավելացման,

 

2) անշարժ գույքի սահմանմանը և շուկայական գնագոյացմանը համահունչ անշարժ գույքի՝ հողամասերի և (կամ) դրանց բարելավումների միասնական գնահատման նոր, առավել արդյունավետ համակարգի ներդրում,

 

3) գույքային հարկերի մասով հարկային վարչարարության պարզեցում,

 

4) անշարժ գույքի շուկայի զարգացման և անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովման նպաստում,

 

5) անշարժ գույքի միասնական և շուկայական արժեքին մոտարկված զանգվածային գնահատում:

 

Օրենքի նախագիծը սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է 92 կողմ, 15 դեմ և 2 ձեռնպահ ձայնով: