Հոգեբուժարանի տնօրենը պարզաբանել է պացիենտների հարազատներից սննդի ընդունումը սահմանափակելու պատճառը


Հոգեբուժարանի տնօրենը պարզաբանել է պացիենտների հարազատներից սննդի ընդունումը սահմանափակելու պատճառը
Նոյեմբեր 19 14:37 2019

 Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը սահմանափակել է պացիենտների հարազատներից սննդի ընդունումը՝ թունավորումներից զերծ պահելու նկատառումներով: Սակայն սահմանափակումը որոշ պացիենտների շրջանում բողոք է առաջացրել:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, անդրադառնալով թեմայի վերաբերյալ լրատվամիջոցներից մեկում եղած հրապարակմանը, ներկայացրել է կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանի՝ այս թեմայով պարզաբանումը:

 

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հաստատել է, որ պացիենտները հարց են բարձրացրել և պահանջում են իրենց հարազատների կողմից բերված սնունդը թույլատրել ընդունել: Տնօրենը պարզաբանել է, որ սահմանափակումը պայմանավորված է եղել հիվանդների անվտանգության հետ` սննդային թունավորումներից զերծ պահելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով վերջին 1 ամսվա ընթացքում արձանագրված աղիքային վարակի փաստը»,-նշել է խոսնակը:

 

Սերգեյ Խաչատրյանը նաև նշել է, որ ներկա պահին թե՛ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, թե՛ ոստիկանությունից ներկայացուցիչներ կան կենտրոնում, և որ հարցը կարգավորվել է: Բաժանմունքի բոլոր պացիենտները սնունդ ընդունել են:

 

Նոյեմբերի 19-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ կենտրոնի 50-ից ավելի հիվանդներ, ի նշան բողոքի, հայտարարել են հացադուլ և պահանջում են, որպեսզի հիվանդանոցի ղեկավարությունը շտապ միջոցներ ձեռնարկի, որպեսզի հատուկ ռեժիմով բաժանմունքում թույլատրեն հիվանդներին իրենց հարազատների կողմից հանձնուքներ ընդունել: Նշվել էր, որ հիվանդանոցի անձնակազմը պացիենտներին թույլատրում է ստանալ հարազատների կողմից բերած միայն մրգերը և քաղցրավենիքը՝ արգելելով ընդունել մսեղեն և տաք ճաշեր: