ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը
Նոյեմբեր 19 10:35 2019

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ խորհրդարանի նոյեմբերի 19-ի նիստում պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի առաջարկած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 100 կողմ ձայներով:

 

Պատգամավորները սկզբնապես առաջարկել էին ամսական նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 63 հազար դրամ: Սակայն հարցը կառավարությունում քննարկելուց հետո գործադիրն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ: Արդյունքում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն առաջարկը քննարկելուց հետո կողմ էր քվեարկել նվազագույն աշխատավարձը 68 հազար դարձնելու տարբերակին:

 

Ամսական նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու դեպքում կբարձրանան մոտ 57 հազար պետական ծառայողների և մասնավոր հատվածի մոտ 130 հազար աշխատողների աշխատավարձերը: Կարապետյանը վստահեցրել էր՝ ծախսերի ու հարկերի ազդեցության հանրագումարի արդյունքում պետական բյուջեի վրա մաքուր ազդեցությունը 2 մլրդ դրամից չի անցնի:

 

Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից առաջարկված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 102 կողմ և 1 դեմ ձայներով:

loading...