«Բարի եղեք, լսե՛ք մինչև վերջ, եթե նույնիսկ դա Ձեզ դուր չի գալիս և Ձեր քաղաքական թիմի ականջներին հաճո չէ». Արայիկ Հարությունյան


«Բարի եղեք, լսե՛ք մինչև վերջ, եթե նույնիսկ դա Ձեզ դուր չի գալիս և Ձեր քաղաքական թիմի ականջներին հաճո չէ». Արայիկ Հարությունյան
Նոյեմբեր 18 23:16 2019

Ինչպես արդեն ներկայացրել էինք, այսօր Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ դասախոսների հետ, որը ուղիղ հեռարձակվել է համացանցով:

Նախարարը իր խոսքում մասնավորապես նշել է հետևյալը. «Այս իշխանության հիմնական սկզբունքն ամենասկզբից եղել է այն, որ մենք ասել ենք՝ չկա որևէ հարց, որ չի կարող քննարկվել, և չկա այնպիսի մի իրավիճակ, որտեղից լուծումներ չենք կարող գտնել»:

Նա նաև ասել է, որ կառավարությունը պատրաստ է երկխոսության և չգիտի, թե որտեղից են բանախոսները վերցրել, որ ասել է՝ որևէ զիջում չի կարող լինել։ Եթե որևէ զիջում չի կարող լինել, ապա այս քննարկումը չէր լինի։

«Բայց, այո՛, ասել եմ, կան սկզբունքային հարցեր, որոնք ամբողջությամբ փոխում են օրենքի տրամաբանությունը, և եթե օրենքի հիմքում դրված է որոշակի տրամաբանություն, ապա դրան պետք է հետևել և փաստարկներով պաշտպանել քո սկզբունքը», – ասել է Արայիկ Հարությունյանը։

«Շատ ցավում եմ, որ այս ամբողջ գործընթացում դուք կոչ էիք անում երկխոսության, բայց միակողմանի եք ամբողջը դիտել»։

Արձագանքելով դասախոսներից Ռիտա Սաղաթելյանին, նախարարն ասաց, թե կոռուպցիոն գործընթացը բացահայտելը բավական բարդ գործընթաց է. «Բայց Ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը։ Հիմա մենք հարցումն արել ենք, կստանա նաև պատասխանները», – ասաց նախարարը։

Երբ դասախոսը փորձեց հակադարձել Արայիկ Հարությունյանին, վերջինս արձագանքեց. «Բարի եղեք, լսե՛ք մինչև վերջ, եթե նույնիսկ դա Ձեզ դուր չի գալիս և Ձեր քաղաքական թիմի ականջներին հաճո չէ»։