Փաստաթղթեր կեղծելու և ակնհայտ կեղծ փաստաթղթերն օգտագործելու դեպք՝ դեղերի ձեռքբերման պետական գնման մրցույթում


Փաստաթղթեր կեղծելու և ակնհայտ կեղծ փաստաթղթերն օգտագործելու դեպք՝ դեղերի ձեռքբերման պետական գնման մրցույթում
Նոյեմբեր 18 13:10 2019

ՀՀ առողջապահության նախարարությունից ՀՀ գլխավոր դատախազությանն են փոխանցվել նախարարության կարիքների համար դեղերի կոնկրետ խմբաքանակի ձեռքբերման գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր:

 

Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի լիարժեքությունն ապահովելու համար համապատասխան տեղեկություններ են պահանջվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության կարիքների համար դեղերի ձեռքբերման գնման ընթացակարգում  «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի գծով բավարար գնահատական ստանալու համար ներկայացվել են իրավունք վերապահող կեղծված փաստաթղթեր:

 

Մասնավորապես՝ մասնակից ընկերությունը հանձնաժողովին ներկայացրել է «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր, համաձայն որոնց՝ ընկերությունը նախորդ տարվա ընթացքում պատշաճ ձևով դեղորայքի և բժշկական այլ նյութերի մատակարարման նմանատիպ առնվազն մեկ պայմանագիր է իրականացրել:

 

Սակայն համապատասխան տեղեկատվական բազաների ուսումնասիրությամբ և ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում այդ ընկերության կողմից դեղերի և բժշկական այլ նյութերի նման մատակարարման վերաբերյալ որևէ տեղեկատվություն առկա չէ:

 

Այսինքն՝ ձեռք բերված տվյալներն առերևույթ վկայում են այն մասին, որ  «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի գծով բավարար գնահատման, մրցույթում ընկերության հաղթող ճանաչվելու համար պայմաններ ստեղծելու նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պատրաստվել և շրջանառության մեջ դնելով՝ գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին են ներկայացվել ակնհայտ կեղծ փաստաթղթեր:

 

Նկատի ունենալով, որ կատարված ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



loading...