Ուժեղ երիտասարդությունը պետության հզորությունն է. նախարարի Ուսանողության միջազգային օրվա ուղերձը


Ուժեղ երիտասարդությունը պետության հզորությունն է. նախարարի  Ուսանողության միջազգային օրվա ուղերձը
Նոյեմբեր 17 12:55 2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա առթիվ՝ նշելով, որ ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

 

 

Ուղերձում նշված է. «Սիրելի՛ ուսանողներ,

 

 

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող բոլոր ուսանողներին՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:

 

Երիտասարդների և հատկապես ուսանողության դերն անչափ կարևոր է զարգացող հասարակության ձևավորման գործում: Ներկա մարտահրավերներին դիմակայող և հաստատուն քայլերով առաջ գնացող մեր պետության համար առավել քան կարևոր է կիրթ և մասնագիտական բարձր կարողություններով օժտված երիտասարդության զորակցությունն ու ակտիվ մասնակցությունը պետականաշինության գործընթացին:

Ներկայում կրթության ոլորտի զարգացման, բարեփոխումների իրականացման և հաջողությունների հասնելու գրավականը ձեր գիտելիքների նորովի արժևորումն ու որակյալ կրթությունն է: Մեր կողմից ոլորտում իրականացվող բոլոր գործընթացները միտված են հենց այս նպատակին:

 

Սիրելի՛ երիտասարդներ, համոզված եղեք, որ նախարարությունը ձեր վստահելի գործընկերն է, և մենք միասին՝ համատեղ ուժերով, կարող ենք գտնել ամենաբարդ թվացող հարցերի լուծումը:

 

Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. լինենք լավատես և եռանդով լի՝ հանուն մեր երկրի բարօրության և առաջընթացի»: