Մեգան Մարքլը Հիլարի Քլինթոնին հրավիրել է իր առանձնատուն. երկու կանանց հանդիպումն անցել է «շատ ջերմ և հաճելի» մթնոլորտում. Daily Mail


Մեգան Մարքլը Հիլարի Քլինթոնին հրավիրել է իր առանձնատուն. երկու կանանց հանդիպումն անցել է «շատ ջերմ և հաճելի» մթնոլորտում. Daily Mail
Նոյեմբեր 17 10:56 2019

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը շաբաթվա սկզբին ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին հրավիրել է Վինձորի Ֆրոգմոր առանձնատուն, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրը հաղորդում է, որ երկու կանանց հանդիպումն անցել է «շատ ջերմ և հաճելի» մթնոլորտում: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև արքայազն Հարին և փոքրիկ Արչին, որին նախկին պետքարտուղարը գրկել է, ապա, ըստ հաղորդման, զույգին պատմել է իր երրորդ թոռան՝ Չելսի Քլինթոնի նորածին երեխայի մասին:

«Երկու կանայք միմյանց հանդեպ մեծ հիացմունք են տածում»,- հայտնել է պարբերականի աղբյուրը:

 

38-ամյա Մեգան Մարքլը 11 տարեկանում նամակ էր հղել Բիլ Քլինթոնին վերջինիս՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին: Մեգանն իր նամակում խնդրել էր արգելել հեռուստատեսությամբ ցուցադրվող սպասք լվացող հեղուկի «խտրական գովազդը», որում ասվում էր. «Ամբողջ ԱՄՆ-ում կանայք պայքարում են յուղոտ թավաների և սպասքի դեմ»: Մեգանի նամակից հետո «կանայք» բառը փոխարինվել էր «մարդիկ» բառով:

Աղբյուրը գրում է, որ, ըստ երևույթին, երկու տիկնայք իրենց առաջին հանդիպման ժամանակ վերհիշել և քննարկել են նաև Մեգանի նամակը:

Ավելի վաղ BBC-ի հետ զրույցում նախկին պետքարտուղարն իր աջակցությունն էր հայտնել Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին:

Հիլարի Քլինթոնի խոսքով`իրեն դուր չի գալիս, որ ԶԼՄ-ներն իրենց էջերում հրապարակում են ռասիստական և սեքսիստական մեկնաբանություններ: Քլինթոնը նշել էր, որ դքսուհու ռասայական պատկանելիությունը դարձել է քննադատությունների հիմնական տարրերից մեկը:

«Որպես մայր, ես պարզապես ցանկանում եմ գրկել նրան: Ուզում եմ ասել, որ Մեգանն ուժեղ լինի և ոչ մեկին թույլ չտա կոտրել իրեն: Շարունակի՛ր, արա՛ այն, ինչը ճիշտ ես համարում»,- ասել էր Հիլարին և հավելել, որ մարդիկ պետք է ուրախ լինեն` տեսնելով Մեգանի և արքայազն Հարիի «իրական սերը»: