Սպանության փորձ «Պոնչիկ-Մոնչիկ»-ի մոտ․ ինչ կապ ունի «Զապի» քրոջորդին՝ «գյումրեցի «օրենքով գող» Արտյոմը․ 1in.am


Սպանության փորձ «Պոնչիկ-Մոնչիկ»-ի մոտ․ ինչ կապ ունի «Զապի» քրոջորդին՝ «գյումրեցի «օրենքով գող» Արտյոմը․ 1in.am
Նոյեմբեր 16 23:31 2019

1in.am-ը գրում է․

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արտյոմ Ղազարյանի և Կարեն Սարգսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Միսակյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ նախկինում չդատված, քրեական աշխարհում «Զապ» մականունով հայտնի Ա. Սողոյանի քրոջորդի, «գյումրեցի «օրենքով գող» համարվող 35-ամյա Արտյոմ Ղազարյանը ապօրինի ձեռք է բերել ու պահել 9 մմ տրամաչափի առնվազն 4 փամփուշտով լիցքավորված ակոսափող հրազեն:

2017 թվականի հունիսի 25-ին, ժամը 22-ն անց 45-ի սահմաններում, ըստ մեղադրանքի, գտնվելով Գյումրի քաղաքի «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի մոտ, «գործով չպարզված շարժառիթով» վիճաբանության ժամանակ Արտյոմ Ղազարյանն իր մոտ եղած ակոսափող հրազենից, ինչպես նաև ինքնությունը չպարզված անձը՝ «Կալաշնիկովի» «կոնստրուկցիայի» հրազենից 30-ամյա Գեորգի Հ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ դեպքի վայրում գտնվող քաղաքացիների առկայության պայմաններում՝ մարդաշատ վայրում, կրակոցներ են արձակել Գեորգի Հ.-ի ուղղությամբ: Արդյունքում վերջինիս առողջությանը՝ որովայնի աջ կեսի հրազենային գնդակային չթափանցող վիրավորման՝ փափուկ հյուսվածքների վնասումով, որովայնի առաջնային պատի ձախ կեսի հրազենային գնդակային թափանցող՝ բարակ աղեգալարների ու նրանց միջընդերքի վնասումով, կույր վիրավորման ձևով պատճառել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Միջադեպից անմիջապես հետո Արտյոմ Ղազարյանը, ըստ մեղադրանքի, նստել է «ԲՄՎ X5» մեքենան, որը վարել է Կարեն Սարգսյանը, և հեռացել է դեպքի վայրից:
Ըստ մեղադրանքի՝ Գեորգի Հ.-ին սպանելու՝ Արտյոմ Ղազարյանի դիտավորությունը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ քանի որ ծանր վնասվածք ստացած տուժողին անմիջապես տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոն, և բժշկական միջամտության արդյունքում նրա կյանքը փրկվել է:

 

31-ամյա Կարեն Սարգսյանը մեղադրվել է այն բանի համար, որ կրակոցներից անմիջապես հետո կրակողներին ու հանցագործության գործիք զենքերը իր վարած մեքենայով հեռացրել է դեպքի վայրից՝ այդ կերպ օգնություն ցուցաբերելով նրանց ու պարտակում կատարելով:

Արտյոմ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Կարեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով:

Դեպքից հետո Արտյոմ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, նա հայտնաբերվել է 2017 թվականի օգոստոսին՝ մոտ մեկուկես ամիս անց: Գտնվել է կալանքի տակ, ապա ընդհանուր իրավասության դատարանը նրան 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել, բայց վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի այդ որոշումը և գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի: Արտյոմ Ղազարյանը 2018 թվականի նոյեմբերի 14-ին նորից կալանքի տակ է առնվել:

Դատարանում Արտյոմ Ղազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել, նշել է, թե գործով տուժող Գեորգի Հ.-ն իր բարեկամն է, նրա հետ ինքը լավ հարաբերությունների մեջ է: Դեպքի օրը՝ 2017 թվականի հունիսի 25-ին, ժամը 22-ն անց 45-ի սահմաններում ինքը Գյումրիի «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի մոտ չի եղել, տուժողին վնասվածքներ չի պատճառել:

Կարեն Սարգսյանը, ում «Չախալ Կարեն» են ասում, դատարանում չի ցանկացել ցուցմունք տալ: Հրապարակվել է նրա նախաքննական ցուցմունքը: Նա հայտարարել էր, թե ինքն է կրակոցներ արձակել, նույնիսկ իրեն մեղավոր է ճանաչել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով: Հրաժարվել է որևէ այլ ցուցմունք տալուց, հարցերին պատասխանելուց: Լրացուցիչ հարցաքննության ժամանակ նա հայտնել է, թե շուրջ 4 ամիս գտնվում է ՔԿՀ-ում, խիղճը հանգիստ չի տալիս, քանի որ տեսնում է՝ իր արածի համար ուրիշն է մեղադրվում: Նա պնդել է, թե ինքն է Գեորգի Հ.-ին մարմնական վնասվածքներ պատճառել: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության պարտակման համար առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Կարեն Սարգսյանը դիրքորոշում չի հայտնել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Տուժող Գեորգի Հ.-ն (Գոգան) հայտնել է, թե դեպքի պահին ինքը կանգնած է եղել «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց, երբ իր ուղղությամբ կրակոց է հնչել, գնդակը դիպել է իր փորին, կրակողն իրեն անծանոթ անձ էր: Մինչև օրս իր համար անհասկանալի է՝ ով է եղել իր վրա կրակողը, ինչու է կրակել, քանի որ ինքը թշնամիներ չուներ ու չունի, որևէ մեկի հետ կոնֆլիկտի մեջ չի եղել: Տուժողը նշել է, թե գործի նյութերին ծանոթանալու ժամանակ է իմացել, որ իր վրա կրակելու համար մեղադրվում է իր բարեկամ Արտյոմը, բայց իրենց հարաբերությունները նորմալ են, իր կարծիքով՝ իր վրա կրակողը հաստատ Արտյոմը չի, իրենց մեջ թշնամանք չի եղել ու չկա:Կարեն Սարգսյանին ինքը չի ճանաչում, իր վրա կրակողը Կարենն էլ չի եղել, ինքը տեսել է կրակողին, դա անծանոթ մեկն էր:

Գործով վկաները նշել են, որ դեպքի վայրում եղել են երեք մեքենաներ՝ «ԲՄՎ X5», «Ռենջ Ռովեր» և «Ինֆինիտի», որոնք կրակոցներից հետո անմիջապես հեռացել են: Վկաներից ոմանք նշել են, թե տեսել են, որ մի երիտասարդ վազելով մոտեցել, նստել է «ԲՄՎ X5»-ի ղեկին, այդ մեքենայից արձակվել է երկու կրակոց: Այդ մեքենայի ղեկին նստած երիտասարդը, վկաների մի մասի ցուցմունքների համաձայն՝ եղել է Կարեն Սարգսյանը, ում «Չախալ Կարեն» են ասում, նրան ճանաչել են, առերես պնդել են ցուցմունքները: Վկաները նշել են, որ դեպքի վայրում քաոսային իրավիճակ էր, մարդիկ վազում էին այսուայն կողմ:

Այս գործով եղել են վկաներ, ում նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառվել: Կին վկաներից մեկը հայտնել է, թե դեպքի օրը դուրս էր եկել մաքուր օդ շնչելու, հասել է «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց, տեսել է վիճաբանող երկու երիտասարդի: Վեճը թեժացել է, մեքենայի դիմաց կանգնած երիտասարդը՝ բաց գույնի սպորտային համազգեստով ու «կզիրոկով» սպորտային գլխարկով, զենքը հանել, պահել է դիմացի տղայի վրա, երկու-երեք անգամ կրակել է ու փախել: Կրակողը կլիներ 30-33 տարեկան, միջահասակից մի քիչ բարձր էր: Վկան նշել է, որ ինքը վախեցել ու փախել է…

Մեկ այլ վկա, ում նկատմամբ նույնպես պաշտպանության միջոց էր կիրառվել, նշել է, թե տեսել է, որ դեպքի վայրում բարձրահասակ երիտասարդը «բարսետկայից» հանել է զենքն ու կրակել է իր դիմաց գտնվողի ուղղությամբ: Հետո վկան իմացել է, որ այդ կրակողը եղել է «գյումրեցի «օրենքով գող» Արտյոմ Ղազարյանը…

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ դատարանը հաստատված է գնահատել, որ անհայտ պատճառով վիճաբանության ընթացքում Արտյոմ Ղազարյանը իր մոտ գտնվող ակոսափող հրազենն ուղղել է Գեորգի Հ.-ի որովայնին ու մոտ տարածությունից՝ մոտ 1,5 մետրից, առնվազն 2 կրակոց է արձակել՝ Գեորգի Հ.-ին որովայնի շրջանում պատճառելով ծանր վնասվածք: Կրակոցներից հետո Արտյոմ Ղազարյանը նստել է սրճարանի դիմաց կայանված մեքենայի դիմացի աջ նստատեղին ու հեռացել է: Դատարանը հաստատված է գնահատել, որ Արտյոմ Ղազարյանի դիտավորությունը եղել է տուժողին սպանելը: Այդ դիտավորությունն ավարտին չի հասցվել՝ տուժողին ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերելու արդյունքում:

Ընդհանուր իրավասության դատարանը վերաորակել է Արտյոմ Ղազարյանին մեղսագրված արարքը: Բոլոր չփարատված կասկածները մեկնաբանելով ամբաստանյալի օգտին՝ դատարանը նրա մեղադրանքը փոքր-ինչ մեղմացրել, նրան մեղավոր է ճանաչել ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով՝ խմբի կազմում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած սպանության փորձի, այլ՝ պարզապես սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Արդյունքում՝ Արտյոմ Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով, դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման, այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ նրա գտնված ժամանակահատվածը, վերջնական պատիժ է նշանակվել 7 տարի 5 ամիս 5 օր ազատազրկում: Պատժի սկիզբը՝ 2018 թվականի նոյեմբերի 14-ից:

Կարեն Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հունիսի 28-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել փաստաբան Ե. Սարգսյանն ու ամբաստանյալ Կարեն Սարգսյանը:

Պաշտպանը իր բողոքում միջնորդել է բեկանել դատավճիռը, Արտյոմ Ղազարյանի ու Կարեն Սարգսյանի վերաբերյալ կայացնել արդարացման դատական ակտ: Սպանության փորձի մեղադրանքում Արտյոմ Ղազարյանին չարդարացնելու դեպքում պաշտպանը միջնորդել է մասնակիորեն՝ այդ մեղադրանքի մասով, բեկանել դատավճիռը, վերաորակել արարքը՝ որպես տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնասի պատճառում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, ու նշանակել արդարացի պատիժ:

Ամբաստանյալ Կարեն Սարգսյանն իր բերած բողոքով միջնորդել է իր մասով բեկանել դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ:



loading...