ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շարունակում է ճգնաժամային որակել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված մթնոլորտը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Ես շարունակում եմ պնդել, որ ՍԴ-ում ու նրա շուրջ եղած մթնոլորտը ես շարունակում եմ բնութագրել «ճգնաժամ» բառով»,- ասաց Միրզոյանը:
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ի նիստում փակ և գաղտնի քվեարկությամբ ընդունել էր «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Որոշման նախագիծը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը, ԲՀԿ-ն հայտնել էր, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնել էր կողմ քվեարկելու որոշման մասին:
Հոկտեմբերի 14-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։