Էրդողան. «Հուսով եմ Ներկայացուցիչների պալատի կատարած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի»


Էրդողան. «Հուսով եմ Ներկայացուցիչների պալատի կատարած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի»
Նոյեմբեր 14 19:12 2019

Թուրքիայի նախագահը նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Կրոնական գործերի կենտրոնում անդրադարձել է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Էրդողանը նշել է, որ բանաձևի ընդունումն ամոթալի որոշում է և որ իրենց ժողովրդի պատմության մեջ չկան այնպիսի սև հետքեր, որոնց համար չկարողանան պատասխան տալ:

«Մենք մեր բոլոր արխիվները բացեցինք հետազոտողների համար: Հայաստանին ասացինք՝ եկեք միասին պատմության հանձնաժողով հիմնենք: Ասացինք նաև, որ եթե արխիվներ ունեք, դուք էլ բացեք: Մենք բացեցինք: Մենք միայն Թուրքիայի զինված ուժերի արխիվում շուրջ 1 մլն փաստաթուղթ ունենք, ասացինք՝ համեցեք: Չեկան:  Ինչու՞ չեն գալիս: Քանի որ գիտեն, որ երբ սկսեն աշխատել, չեն կարողանալու գտնել այն, ինչ փնտրում են»,- ասել է նա:

Թուրքիայի նախագահը, կրկնելով նախկինում բազմիցս հնչեցրած խոսքերը, ասել է, որ այս հարցը պատմաբանների, քաղաքագետների, հնագետների հարցն է և այդ շրջանակներում պիտի ընթանան աշխատանքները, իսկ քաղաքական գործիչներն էլ համապատասխան որոշում կայացնեն ըստ այդմ: 

Նրա խոսքով` հակառակ դեպքում ձեռնարկված բոլոր քայլերը քաղաքական են, որոնք իրենց չեն ստիպի հետքայլ անել:

«Հայաստանը դեռ երեկվա պետություն է, դրանից առաջ էլ նրանք փախստականի պես դեգերում էին տարբեր վայրերում: Թուրքիայում ևս նույն կերպ որպես փախստական էին ապրում, և հարկադիր տեղահանություն եղավ: Գիտե՞ք Թուրքիայում 100.000 հայ  է ապրում, որոնցից 60.000-ը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ 40.000-ը` ապօրինի ներգաղթյալ»,-նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը, հիշեցնելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, նշել է, թե իբր Հայաստանն է խուսափել դրանց վավերացումից:

Հայկական սփյուռքին Էրդողանը մեղադրել է «Թուրքիան սևացնող  արշավները» իրականացնելու մեջ՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ-ում:

«Ովքեր ցանկանում են նմանատիպ որոշումներով մեզ ճնշել, վաղ թե ուշ հասկանալու են, որ սխալվել են: Մենք շարունակելու ենք մեր այն դիրքորոշումը, որ այս հարցը պատմաբանների կողմից է ուսումնասիրվելու և քննարկվելու: Հույս ունեմ, որ Ներկայացուցիչների պալատի արած սխալը ԱՄՆ Սենատը չի  կրկնի»,- շեշտել է Թուրքիայի նախագահը:

ermenihaber.am