ՀՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողները մասնակցել են Համաշխարհային բանակային խաղերին


ՀՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողները մասնակցել են Համաշխարհային բանակային խաղերին
Նոյեմբեր 14 18:18 2019

ՀՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողները հոկտեմբերի 15-28-ը մասնակցել են Չինաստանի Ուհան քաղաքում անցկացված 7-րդ Համաշխարհային բանակային խաղերին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո անցկացված բանակային խաղերին մասնակցել է 105 պետության ավելի քան 10.000 մարզիկ, այդ թվում նաև՝ օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Մարզիկներն ուժերը չափել են 27 մրցաձևերում:

 

Հայաստանը ներկայացրել են 15 մարզիկ-զինծառայողներ, ովքեր հանդես են եկել ըմբշամարտ, ձյուդո, կողմնորոշում տեղանքում և մարմնամարզություն մրցաձևերում: Հայ մարզիկները գրանցել են բավականին բարձր ցուցանիշներ: Մասնավորապես՝ ազատ ոճի ըմբշամարտիկ Մհեր Մարկոսյանը և մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

 

Ռազմական սպորտի միջազգային խորհրդը ստեղծվել է 1948թ. փետրվարի 18-ին։  CISM-ը միջազգային խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է 138 պետություն: «Ընկերություն սպորտի միջոցով» կարգախոսն ունեցող կազմակերպության նպատակն է տարբեր պետությունների զինծառայողներին մեկտեղել մարզական մրցահարթակներում:

 

Ռազմական սպորտի միջազգային խորհրդը պարբերաբար կազմակերպում է տարբեր մարզաձևերի տարածաշրջանային, մայրցամաքային և աշխարհի առաջնություններ: Կազմակերպվում են նաև համաշխարհային կադետական խաղեր, որոնց մասնակցում են ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները: Կազմակերպության խոշորագույն միջոցառումներն են զինվորականների ձմեռային և ամառային խաղերը, որոնց մասնակցելու իրավունք ունեն բացառապես գործող զինծառայողները:

 

Ռազմական սպորտի միջազգային խորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավարը փոխգնդապետ Արման Դավթյանն է: Չինաստանում անցկացված 7-րդ Համաշխարհային բանակային խաղերին մասնակցած ՀՀ պատվիրակության ղեկավարն էր գնդապետ Արամ Գրիգորյանը:



loading...