ԻՊ-ը սպանեց հայ քահանային, Էրդողանը պետք է երջանիկ լինի. Շեր


ԻՊ-ը սպանեց հայ քահանային, Էրդողանը պետք է երջանիկ լինի. Շեր
Նոյեմբեր 13 19:35 2019

Համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի Շերը քննադատել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հայ քահանայի եւ նրա հոր սպանությունը: Նա Twitter-ում գրել է, որ «Իսլամական պետություն»-ը վերադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի շնորհիվ: «Եթե «Իսլամական պետություն»-ը վերադարձել է, ապա նրանց բերել եք դուք եւ Էրդողանը: Դուք օգնել եք Էրդողանին քրդերին սպանելու հարցում»,- գրել է երգչուհին: Նրա խոսքով՝ «լավագույն ընկեր Էրդողանը» պետք է երջանիկ լինի, որ մարդիկ են մահանում: «ԻՊ-ը սպանել է հայ քահանային ու նրա հորը: Էրդողանը գնե՞լ է ձեզ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Սիրիայում սպանվել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի վանահայր տեր Հովսեփ Պետոյանը եւ նրա հայրը՝ քահանա Աբրահամ Պետոյանը։ Հոգեւորականները սպանվել են ավտոմեքենայում, Դեր Զոր գնալու ճանապարհին։ Ահաբեկիչները կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ։ Աբրահամ Պետոյանը տեղում մահացել է, մի քանի րոպե անց մահացել է նաեւ Հովսեփ Պետոյանը։ Հրաձգության հետեւանքով վիրավորվել է եկեղեցու սպասավոր Ֆաթի Սանոնը։ Քրդական Rudaw հեռուստաալիքի հաղորդմամբ՝ սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: