Հայաստանում քրեական ենթամշակույթը կոռուպցիայի հետ համատեղ պետք է արմատախիլ արվի. Փաշինյան


Հայաստանում քրեական ենթամշակույթը կոռուպցիայի հետ համատեղ պետք է արմատախիլ արվի. Փաշինյան
Նոյեմբեր 13 18:55 2019

 ՀՀ կառավարությունը նախատեսում է կոռուպցիայի հետ համատեղ Հայաստանում արմատախիլ անել նաև քրեական ենթամշակույթը: Պետությունը պաշտպանելու է դատապարտված քաղաքացիների արժանապատվությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց, որ արդեն ԱԺ-ում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու համար: Նա հետաքրքրվեց, թե արդյոք միայն իրավական կարգավորումները բավարար են քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու գործում:

 

«Ուզում եմ շատ հստակ արձանագրել, որ մեր քաղաքական թիմը ձևակերպել է քաղաքական խնդիր, որ Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվի, քանի որ դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է: Քրեական ենթամշակույթը Հայաստանում կոռուպցիայի հետ համատեղ պետք է արմատախիլ արվի»,-ասաց վարչապետը:

 

Նա նշեց՝ օրինակ դպրոցում կատարված գողությունը, չարաշահումը պարզելու ամենապարզ ձևն այն է, որ նրանք, ովքեր տեսել են, օրինակ, երեխաները, դրա մասին հայտնեն: Սակայն վարչապետը նկատեց, որ քրեական ենթամշակույթը դա կապում է «գործ տալու» հետ: «Եթե կան մարդիկ՝ այդ թվում քաղաքական գործիչներ, պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, և մտածում են, որ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով պատգամավորների սպառնալ, օրինակ՝ հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ՝ կպարկացնենք ասֆալտին ու կտանք պատերով՝ բառի բուն իմաստով։ Որևէ մեկը չփորձի, նախկին կլինի, ներկա կլինի, որ ասենք հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարող է թպրտալ։ Կտանք պատերով, կպարկացնենք ասֆալտին։ Թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ»,-նշեց Փաշինյանը:

 

Եթե կառավարությունը տեսնի, որ խնդիրը լուծելու համար միայն օրենքը բավարար չէ, ապա ավելի խիստ միջոցներ կձեռնարկվեն: Սակայն վարչապետը շեշտեց՝ իր համար միանշանակ է, որ պետք է այդ ճանապարհով գնալ: «Սա նաև ինչ-որ առումով հանրության առաջ ստանձնած պարտավորություն է: Եվ այդ պարտավորությունը մենք պետք է կատարենք, դրանում ես համոզված եմ նաև որպես քրեակատարողական հիմնարկների և ընդհանրապես այդ ենթամշակույթի հետ անձամբ, ուղիղ առնչություն ունեցած մարդ»,-նշեց Փաշինյանը:

 

Պետությունը քրեակատարողական հիմնարկներում փոփոխություններով, մասնավորապես` սննդի այլընտրանքային համակարգի ներդրմամբ ցանկանում է ցույց տալ, որ դատապարտված քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը նույնպես իր քաղաքական պատասխանատվությունն է: Վարչապետը նկատեց՝ ՔԿՀ-ներում սննդի այլընտրանքային համակարգի արդյունքում հարյուրավոր ընտանիքների սոցիալական հարց է լուծվում: «Իսկ քրեական ենթամշակույթը հարյուրավոր ընտանիքների է դժբախտացնում, վերջին ունեցվածքը ծախել են տալիս և ուղարկում քրեակատարողական հիմնարկներ: Մենք ՔԿՀ-ներում զուգահեռ պատիժը կրելու արժանապատիվ պայմաններ ենք ստեղծելու ՀՀ քաղաքացիների համար և նրանց ընտանիքների իրավունքներն ենք պաշտպանելու, որ կրիմինալի կողմից ավելի վատ վիճակի մեջ չդրվեն: Մենք կանգնելու են այդ ընտանիքների կողքին և պաշտպանելու ենք դատապարտված քաղաքացիների արժանապատվությունը»,-եզրափակեց վարչապետը: