Կլարա Հիտլեր…


Կլարա Հիտլեր…
Նոյեմբեր 13 00:58 2019

Ադոլֆ Հիտլերի ու նրա ընտանիքի մասին արդեն բավականաչափ տեղեկություն կա, բայց ժամանակին Հիտլերն ամեն կերպ աշխատել է կոծկել ցանկացած տեղեկություն, որն անգամ չնչին ձևով կապված կլիներ իր ընտանիքի ու ծագման հետ: Ո՞րն է եղել դրա պատճառը, ինչո՞ւ է Հիտլերը երկար տարիներ թաքցրել իր ընտանիքը ստվերում…

«Մարդիկ չպետք է իմանան՝ ով եմ ես, որտեղից ու ինչ ընտանիքից»:

Ադոլֆ Հիտլեր

Եվ ահա, թե ինչու:

Պետք է հեռվից գալ ու ըստ արժանվույն ուշադրություն դարձնել այս կնոջ կենսագրությանը, քանի որ մանրամասն ուսումնասիրելով Կլարայի կյանքը՝ ավելի տրամաբանորեն կմեկնաբանվեն Հիտլերի դաժանություններն ու ատելությունը հրեաների նկատմամբ:

Կլարա Պելցլը ծնվել է 1860 թվականի օգոստոսի 12-ին ավստրիական Վայտրա քաղաքում: Ընտանիքում նրանից բացի 10 երեխա կար, սակայն մինչև գիտակից տարիքը ողջ են մնում միայն 3 քույր: Ծնողները հասարակ գյուղացիներ էին, այդ պատճառով 15 տարեկան դառնալով՝ Կլարան ստիպված է լինում անցնել աշխատանքի և ընդունվում է իր հորեղբոր՝ Ալոիս Հիտլերի մոտ աշխատանքի՝ որպես օգնական: Այդ ժամանակ Ալոիսը ամուսնացած էր, ի դեպ, հաշվարկով, իսկ կինը հիվանդ էր, և Ալոիսին օգնական էր անհրաժեշտ տան գործերից գլուխ հանելու համար:

Սպասուհուց կին մեկ քայլ է…

Շուտով կինը՝ Աննան, մահանում է, և Ալոիսը կրկին ամուսնանում է, բայց երկրորդ կինն էլ է վաղաժամ մահանում, և հենց այդ ժամանակ կամ գուցե ավելի շուտ ծերացող Ալոիսը սկսում է ուրիշ աչքով նայել իր երիտասարդ, եռանդուն զարմուհուն՝ Կլարային: Ինքնըստինքյան հասկանալի էր, որ կաթոլիկ եկեղեցին չէր օրհնելու այս ամուսնությունը՝  բառացի մեկնաբանելով, որ հորեղբայրները սովորաբար չեն ամուսնանում իրենց եղբոր աղջիկների հետ, բայց սա ապագա ֆյուրերի ընտանիքի մասին չէր.  նրա ծնողներն էլ պիտի առանձնանային «հեղինակային վարքագծով»: Սակայն այս ամենը հաշվի առնելով, այդուհանդերձ՝ Ալոիսը դիմում է գրում եպիսկոպոսարան՝  նոր ամունություն գրանցելու հայտով՝  թախանձագին խնդրելով թույլ տալ ամուսնանալ Կլարայի հետ, որից մեծ էր 23 տարով: Բոլորովին զարմանալի չէ, որ Կլարան անմիջական մասնակցություն է ունենում այս գործին՝ պատրաստակամորեն բյուրոկրատական գրասենյակներին հայտնելով, որ նա Ալոիսի զարմուհին չէ,  քանի որ իրական հորը չի ճանաչում…

Ալոիս Հիտլեր

Ինչևէ,  առաջին անգամ «սիրահարներին» մերժում են,  բայց անհագ սիրով տոգորված ծերացող Ալոիսը չի հանձնվում և ավելի բարձր ատյանների է դիմում, և վերջապես ստանում է այդքան սպասված «այո»-ն՝ ոչ ավել, ոչ պակաս Հռոմից…

Ամուսին-հորեղբայր…

Եվ 1885 թվականի հունվարի 7-ին Կլարա Պելցլը և Ալոիս Հիտլերը ամուսնանում են: Ու «ամենագովելին» այս ամուսնության մեջ այն է, որ Կլարան պահում էր հորեղբոր՝ համատեղության կարգով նաև ամուսնու հարգանքը և նրան «հորեղբայր»-ով  է դիմում. ակնածանքի գերագույն դրսևորում, ինչ խոսք:  Հարսանիքի ժամանակ Կլարան արդեն սպասում էր առաջնեկին, և 1885 թվականին ծնվում է Գյուստավը: Հաջորդիվ ծնվում են Իդան և Օտտոն: Բայց նրանք մանկահասակ տարիքում մահանում են դիֆտերիայից, և միայն Ադոլֆին  է հաջողվում դիմանալ գենետիկ համակարգի սխալ միաձուլման հետևանքին:

Կլարա Հիտլեր, Ադոլֆ Հիտլեր, Ալոիս Հիտլեր

Հետագայում Էրիխ Ֆրոմը Կլարային կբնութագրի որպես իդելական կին, մայր և խորթ մայր. Կլարան հոգ էր տանում ոչ միայն իր երեխաների, այլ նաև Ալոիսի առաջին ամուսնությունից ծնված երեխաների մասին, որոնք համատեղությոն կարգով  նաև Կալարայի քույր ու եղբայրներն էին:

Իսկ ահա մեկ այլ հոգեբան Ալիս Միլլերը դեմ է արտահայտվել Հիտլերի մոր իդեալականացմանը՝ պնդելով, որ  Կլարան նույնպես մեղավոր է  որդու՝ հրեշ դառնալու հարցում: Ըստ Ալիսի՝ Կլարան հանդուրժել է Ալոիսի ծեծն ու ջարդը և բոլոր տեսակ բռնարարքները՝ իր և երեխաների հանդեպ:

Բայցևայպես, ոչ ոք չի անտեսում, որ Հիտլերն անչափ կապված է եղել մոր հետ, և Կլարայի մահը իսկական ողբերգություն է եղել Ադոլֆի համար:

Հրեա բժիշկի հիվանդը…

Տեղեկանալով մոր ախտորոշման մասին՝ Հիտլերն անմիջապես շտապում է տուն և մինչև վերջին րոպեն նրա կողքին է լինում: Հատկանշական է, որ Կլարա Հիտլերի  բժիշկը ազգությամբ հրեա Էդուարդ Բլոխն է եղել, որը հետագայում, չնայած հանգամանքներին, միշտ  հարգանքով է խոսել Ադոլֆի Հիտլերի մասին՝ նշելով, որ երբևէ չի տեսել մի մարդու, որն այդքան խիստ անհանգստացած լիներ մոր կորստով: Հետագայում միակ հրեան, որին Հիտլերը կփրկի, կլինի Էդուրդ Բլոխը, որին նա կօգնի փախչել ԱՄՆ…

Բժիշտ Էդուրդ Բլոխը իր աշխատասենյակում

«1907 թվականի հունվարի 14-ին սենյակ մտավ 47 տարեկան անծանոթ մի հիվանդ, որը բողոքում էր կրծքի ուժեղ ցավերից, որոնք նրան տանջում էին օր ու գիշեր: Հիվանդին զննելուց հետո, ես նկատեցի, որ նա նորագոյացություն ունի կրծքագեղձերում. այդ գունատ, հուսահատ կինը Կլարա Հիտլերն էր, Ադոլֆ Հիտլերի մայրը»:

Եդուարդ Բլոխ

Որոշ կենսագրականներ կարծում են, որ հավանաբար այս ողբերգության մեջ է ընկած Հիտլերի հակասեմիտիզմի սկիզբը.  Կլարա Հիտլերը 1907 թվականին դեկտեմբերին 21-ին՝ 47 տարեկանում մահանում է կրծքագեձի քաղցկեղից: Նրան թաղում են ամուսնու կողքին՝ Լինց քաղաքի արվարձանում գտնվող Սբ. Միքայել տաճարի գերեզմանատանը, իսկ 2012 թվականի մարտի 28-ին ավստրիական կառավարութունը քանդում է Հիտլերների գերեզմանի վրա տեղադրված հուշարձանը…

vnews.am